Azatutyun.am-ը գրում է․

Տասնյակ հազարավոր մարդիկ այսօր փողոց են դուրս եկել Իրանի Ահվազ քաղաքում՝ վերջին հրաժեշտը տալու Հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Քասեմ Սուլեյմանիի մահը։ Սուլեյմանին սպանվել էր հունվարի լույս 3-ի գիշերը ամերիկյան օդուժի գրոհի ընթացքում։

Սուլեյմանիի մարմինը Իրան է բերվել վաղ առավոտյան։

Իրանի պետական հեռուստատեսությունը ուղիղ հեռարձակում է սգո արարողությունը։

Իրանում եռօրյա սուգ է հայտարարված։ Մինչև Սուլեյմանիի հայրենի քաղաք Քերմանում հունվարի 7-ին տեղի ունենալիք հուղարկավորությունը, գեներալի մարմինը կտարվի Մաշադ ու Թեհրան։

Նախագահ Դոնալդ Թրամփը գեներալ Սուլեյմանիի դեմ հատուկ գործողության անցկացմանը հավանություն է տվել անցած տարեվերջին՝ Իրաքում ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծությունից մի քանի օր հետո։ Այդ հարձակման համար Վաշինգտոնը մեղադրում է իրանցի գեներալին։ Նա մեղադրվում է նաև հարյուրավոր ամերիկյան զինվորների սպանության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել