Ոստիկանությունում, որտեղ ամեն տարի պարգևատրումը կազմել է աշխատավարձի 100 տոկոսի չափ, սակայն անցած տարի որևէ պարգևատրում չի եղել, այս տարի աշխատավարձի ընդամենը 40 տոկոսի չափով պարգևավճար է բաժանվել: Վերոնշյալը թերևս նորմալ կարող էր դիտվել, եթե չլինեին մյուս գերատեսչությունների աստղաբաշխական պարգևատրումները: Օրինակ՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի դեկտեմբերի 16-ին ստորագրած որոշմամբ ինքը, ԱԺ փոխնախագահները, մի շարք պատգամավորներ, մշտական հանձնաժողովի նախագահները, նախագահների տեղակալները, ԱԺ մեծ թվով աշխատակիցներ աշխատավարձի 100 տոկոսի չափով պարգևատրում են ստացել: Սա դեռ բավարար չէ, Արարատ Միրզոյանի մեկ այլ որոշմամբ, ԱԺ-ում գործունեություն ծավալող ավելի մեծ թվով աշխատակիցներ աշխատավարձի 20 տոկոսի չափով պարգևատրվել են: Այդ պարգևատրվողների թվում կրկին կան Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահները: Առհասարակ մամուլի փոխանցմամբ, 2019թ. միայն առաջին 10 ամիսներին Ազգային ժողովը 14 անգամ պարգևատրել է պատգամավորներին և աշխատակիցներին։ Պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 2 մլն դոլար: Խոսքը մոտավորապես 700 անձանց պարգևատրման մասին է։ Երևանի քաղաքապետարանում ևս պարգևատրումները ասղտաբաշխական են: Օրինակ փոխքաղաքապետեր Հրաչյա Սարգսյանը, Հայկ Սարգսյանը, Տիգրան Վիրաբյանը, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, աշխատակազմի քարտուղար Խաչատրյան Վահեն 420 հազարական դրամ պարգևատրում են ստացել: Պարգևատրումներով աչքի են ընկել նաև մարզեր, որոնք այս մասով գրեթե միշտ փայլում են: Մասնավորապես Գեղարքունիքի մարզում մարզպետարանի աշխատակիցներին տրվել է ավելի քան 113 մլն դրամի պարգևավճար: Մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը հայտնել է, որ մարզպետարանն ունի 184 հաստիք, որոնք ամեն ամիս պարգևատրվել են, բացառություն են կազմել «արձակուրդի մեջ գտնվող, ծառայողական քննություն նշանակված, աշխատանքային կարգապահությունը խախտած անձինք»։ Ընդ որում՝ մարզպետարանը չի նշել, թե բացառություն կազմողների թիվը որքան է կազմել։ Փոխարենը հայտնել են, որ պարգևատրումների ֆոնդը կազմել է 113.535.600 մլն ՀՀ դրամ։ Ստացվում է, որ Հայաստանում թերևս ամենակարևոր գործառույթն ունեցող մարմիններից մեկը, որը պահպանում է բոլոր քաղաքացիների անվտանգությունը և տրամաբանորեն պետք է ամենախոշոր պարգևատրումներն ունենա, կոպեկներ է ստանում: Ի՞նչ պետք է մտածեն ոստիկանները, երբ տեսնում են, թե ինչ է կատարվում մյուս մարմիններում: Հավանաբար ոմանք կարծում են, որ ոստիկանները պակաս կարևոր աշխատանք են կատարում, քան որոշ պատգամավորներ, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում որևէ ծպտուն չեն հանել: Հավելենք, որ Հայաստան համահայկական հիմնադրամի վերջին դրամահավաքի ժամանակ ոստիկանությունը 19 միլիոն 500 հազար դրամի նվիրատվություն արեց հիմնադրամին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել