Analitik.am-ը գրում է.

Ես պարբերաբար գնում եմ պահածոներ, Արտֆուդից՝ ևս։ Սակայն այս տարի Արտֆուդի արտադրանքի որակն այն չէ։ Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասաց լրագրող Նարինե Կիրակոսյանը:

Նա Արտֆուդի «Իմամ Բայալդի» պահածոյի լուսանկարները տեղադրել էր ֆեյսբուքյան իր էջում և դժգոհել, որ այս ընկերությունը սկսել է կասկածելի որակի պահածոներ արտադրել: Նաև հաղորդել էր, որ պահածոն ուտելուց հետո երկու օր առողջական խնդիրներ է ունեցել:

Analitik.am-ին Արտֆուդ ընկերությունից պարզաբանեցին, որ «Իմամ Բայալդի» արտադրատեսակն ընկերության ամենահամեղ և սպառողների կողմից սիրված պահածոներից մեկն է։ Այդ մասին է վկայում տարեկան մի քանի միլիոն վաճառքի փաստը։

Նաև նշեցին, որ օգտատերը նպատակ է ունեցել արատավորելու տասնամյակների փորձ ունեցող, պրոֆեսիոնալ և այդ ոլորտում առաջատար ընկերության բարի համբավը և կասկածի տակ դնել գործարանի կողմից թողարկվող պահածոների անվտանգությունն ու օգտակարությունը։

«Մենք մեր պահածոները ոչ միայն վաճառում ենք Հայաստանում, այլ նաև արտահանում ենք աշխարհի 17 երկրներ՝ Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ, Չինաստան, արաբական երկրներ և այլն։ Նշեմ, որ այդ երկրներում Արտֆուդի պահածոների վաճառքի իրավունքը ստացել ենք տարբեր լաբորատոր հետազոտությունների, սերտիֆիկատների և անկախ աուդիտորական տարբեր ընկերությունների կողմից տրված որակի և անվտանգության մասին եզրակացություններից հետո»,-ասվում է Արտֆուդի պարզաբանման մեջ:

Կիրակոսյանն ի պատասխան ասաց, որ այս տարի Արտֆուդի արտադրանքն ուղղակի խայտառակություն է. ««Իմամ Բայալդուց» հետո երկու օր ստամոքսաաղիքային տրակտի խանգարում եմ ունեցել: Սա երրորդ անգամն է, որ նման դեպքի եմ հանդիպում: Նախ պահածոյի մեջ ձեթն է խիտ, համն այն չէ, տարօրինակ համ է գալիս, կարծես արևածաղիկի ձեթ չէ, գուցե ուրիշ ձեթ է: Պիտակի վրա գրված է բուսայուղ, իսկ կոնկրետ ինչ բուսայուղ՝ նշված չէ: Պահածոյի վերին շերտի վրա բորբոս կար, բորբոս էր նաև կափարիչի տակ և կողքերը: Չորացած կանաչի էին օգտագործել, որն ընդունված չէ պահածոների արտադրության մեջ. կարճ ասած, տեխնիկական պրոցեսը պահպանված չէր»,-ասաց նա:

Կիրակոսյանը պնդեց նաև, որ ինքը որևէ մեկին արատավորելու խնդիր չի ունեցել, ուղղակի փաստն է ներկայացրել և խոսել իր առողջական վիճակի մասին․ «Ինձ համար սերտիֆիկատը որևէ նշանակություն չունի: Դուք կարող եք ցանկացած թուղթ տպել տալ: Իսկ դրա պատասխանը կլինի այն, որ մարդիկ չեն գնի Արտֆուդի ապրանքանիշը: Ընկերությունը գոնե ներողություն խնդրի, հետ կանչի այդ խմբաքանակը՝ փնովում է օգտատիրոջը»,-ասաց Կիրակոսյանը և նկատեց, որ Արտֆուդի պատասխանը հասարակության արտացոլանքն է՝ փոխանակ փաստացի, կառուցողական քննադատությունն ընդունեն և հետևություններ անեն՝ հարձակվում են:

Արտֆուդից նշել էին նաև․ «Բոլորը գիտեն, որ պահածոներն ունեն պահպանման պայմաններ, որոնցից մեկը նաև կափարիչը բացելուց հետո օգտագործելու ժամկետն է։ Համոզված ենք, որ եթե սպառողը խանութից գնել է ոչ պիտանի պահածո, ապա պատճառը հիմնականում և մեծամասամբ նրա կափարիչի հերմետիկության մեջ է, որը խախտվել է ոչ արտադրական պրոցեսի ժամանակ, այսինքը ոչ մեր մեղքով»։

Արտֆուդից առաջարկել էին շրջայց կազմակերպել ընկերությունում, համտեսել պահածոները՝ համոզմունք հայտնելով, որ պահածոները տեղում համտեսելով՝ Նարինե Կիրակոսյանը կփոխի իր կարծիքը:

Հիշեցնենք, որ Արտֆուդ ընկերությունը պատկանում է Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին և նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի որդուն՝ Վաչագան Կարապետյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել