Ինձ համար անընդունելի է քաղաքական գործիչների երեխաների և, ընդհանրապես, նրանց ընտանիքների թիրախավորումը։ Վերջին երեք օրերի գլխավոր թեման դարձել է Նիկոլ Փաշինյանի դստեր մեքենայի հարցը, և բոլորը քննարկում են, թե ինչու է պետբյուջեի հաշվին 27 միլիոն դրամ ծախսվել Փաշինյանի դստերը սպասարկելու նպատակով նոր X-Trail մեքենա գնելու համար։ Բայց արդյո՞ք սա է Հայաստանի քաղաքական օրակարգի գլխավոր հարցը։ Եվ արդյո՞ք սա այն թեման է, որի մասին պետք է բոլորն օրեր շարունակ խոսեն։ Եվ ինձ զարմացնում է նաև վարչապետի ու իր տիկնոջ ակտիվությունն այս հարցի վերաբերյալ, որովհետև առնվազն վարչապետն ի պաշտոնե իրականում ունի բազմաթիվ այլ կարևոր հարցեր, որոնց մասին պետք է դիրքորոշում կամ կարծիք հայտնի, բայց, չգիտես ինչու, մի շարք գրառումներ և նույնիսկ ֆեյսբուքյան լայվ է նվիրում Մարիամ Փաշինյանի մեքենայի խնդրին։ Իսկ խնդիր, ըստ էության, չկա, և ավելի ազնիվ կլիներ, եթե ՀՀ վարչապետը կանգներ ու ասեր, որ օրենքն է այդպես նախատեսում, ու իրենք էլ գնել են ու լավ են արել ու չեն հրաժարվելու, որովհետև այդպես է նպատակահարմար գտնում։ Ոչ թե օրեր շարունակ փորձեր ինչ-որ արդարացնող տեսանյութեր հրապարակել կամ արձագանքներ թողնել։

Հիմա՝ բուն խնդրի մասին։ Ճիշտն ասած՝ ամեն ինչ հասկանալի և ընունելի կլիներ միայն այն պարագայում, եթե այս իշխանությունը եկած չլիներ ժողովրդի սոցիալական ու տնտեսական խնդիրները լուծելու համար։ Եվ այս ամենը շատ սուր է ընկալվում առաջին հերթին հենց այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, օգտվում է օրենքով իր ընտանիքի բարեկեցությունն ապահովող բոլոր դրույթներից՝ առանձնատնից մինչև իր երեխային հատուկ սպասարկող մեքենա, բայց հասարակության կյանքում (որոշ վերապահումներով) առանձնապես տեղաշարժեր չկան։ Երկրում պահպանվում է թե՛ արտագաղթի տեմպը, թե՛ տնտեսական վիճակն է բացասական առումով իր մասին զգացնել տալիս, թե՛ գործազրկությունն է շարունակում մնալ գլոբալ խնդիր։ Այսինքն՝ լուծած չլինելով պետության համար առաջնային կարևորության որևէ խնդիր՝ այս իշխանությունը զբաղված է սեփական ընտանիքի բարեկեցության պաշտպանությամբ։ Իմ խորին համոզմամբ, եթե ժողովրդի կյանքը գոնե մի քիչ լավացրած լինեին, մարդիկ այսքան ագրեիվ չէին քննադատի Մարիամ Փաշինյանի համար գնված մեքենան:

Ցավում եմ, որ ՀՀ վարչապետը մամուլում շրջանառվող ինչ-որ երկրորդական բամբասանքների ավելի մեծ  ուշադրություն է դարձնում, քան երկրի առաջ ծառացած կարևոր խնդիրներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել