Hetq.am-ը գրում է.

Երբ Դուք ձեր առօրյա կարիքները հոգալու համար որոշակի ծախսեր եք պլանավորում և որոշ ժամանակ հետո հաշվում ու հասկանում, որ պլանավորածից քիչ եք ծախսել, առաջին հայացքից կարող է թվալ, թե ամեն ինչ հրաշալի է։ Չէ՞ որ գումար եք խնայել։ Գուցև հրաշալի է, գուցև դուք կրճատել եք ձեր «անպետք» ծախսերը։ Բայց հնարավոր է նաև՝ եթե Դուք այդ գումարը չխնայեիք և ծախսեիք, դրա արդյունքում ապագայում ավելի շատ գումար կարող էիք խնայել կամ վաստակել։

Ճիշտ այդպես էլ պետական բյուջեն է։ Այն ծախսվում է ինչպես երկրի ընթացիկ կարիքները հոգալու համար, այնպես էլ՝ առաջիկայում տնտեսական աճին զարկ տալու համար։  Այս տարի այդ ծախսերը թերակատարվում են՝ պլանավորվածից քիչ է ծախսվում։ Առավել մեծ տոկոսով թերակատարվում են կապիտալ ծախսերը, որոնք, ըստ մասնագետների, տնտեսական աճի հիմքեր են ստեղծում, հետևաբար՝ դրանց թերակատարումը բացասաբար է ազդում տնտեսական աճի վրա։

Ըստ ֆինանսների նախարարության՝ Հայաստանի պետական բյուջեի տարեկան ճշտված ծրագիրի համաձայն այս տարի ծախսերը պետք է կազմեն մոտ 1 տրլն 733 մլրդ դրամ, իսկ միայն ինն ամիսներին՝ մոտ 1 տրլն 276 մլրդ դրամ։ Սակայն, փաստացի, այս ամիսներին ծախսվել է 1 տրլն 53 մլրդ դրամը։ 

Այդպիսով, բյուջեի ծախսերի ինն ամսվա ծրագիրը կատարվել է 82.5%-ով կամ այլ խոսքով՝  17.5%-ով ծախսերը թերակատարվել են։ Այսինքն՝ նախատեսվածից մոտ 223 մլրդ դրամի ծախս չի կատարվել։ Հասկանալու համար, թե որ ուղղություններով են ծախսերը թերակատարվել, նախ պետք է հասկանալ ծախսերի կառուցվածքը։ Որից հետո էլ կփորձենք հասկանալ՝ ինչ ռիսկեր է պարունակում ծախսերի թերակատարումը։

Բյուջեի ծախսերը դասակարգվում են երկու խոշոր խմբերով՝ ընթացիկ ծախսեր և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ։ Ընթացիկ ծախսեր են, օրինակ, պետական հիմնարկների աշխատավարձերը, գնումները, պետական պարտքի սպասարկումը, սոցիալական նպաստներն ու կենսաթոշակները։ 

Իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ներքո պետք է հասկանալ հիմնականում կապիտալ ծախսերը։ Դրանք պետական բյուջեից տնտեսության մեջ կատարվող ներդրումներ են, որոնք իրականացվում են հիմնականում ենթակառուցվածքներում ու մարդկային կապիտալում (կրթություն, առողջապահություն և այլն)՝ ճանապարհներ են կառուցվում, դպրոցներ ու հիվանդանոցներ են վերանորոգվում և այլն: Դրանց մի մասն արվում է միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի հաշվին:

Այս տարի թերակատարվում են ինչպես ընթացիկ, այնպես էլ՝ կապիտալ ծախսերը։ Չնայած դրան՝ նախորդ տարվա համեմատ բյուջեի ծախսերը երկու ուղղություններով էլ աճել են։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ, այս տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսերն աճել են 9.8%‑ով կամ 94.1 մլրդ դրամով։ Սակայն, եթե ծախսերը կատարվեին ծրագրվածի չափով, այս աճն ավելի մեծ կլիներ։

Ընթացիկ ծախսերը 10.1%-ով են թերակատարվել

Ընթացիկ ծախսերն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել են 981.4 մլրդ դրամ։ Ծրագրվածից 110.3 մլրդ դրամով կամ 10.1%-ով քիչ ծախս է կատարվել։

Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 9%-ով կամ 80.9 մլրդ դրամով:

Ընթացիկ ծախսերի կազմում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն սոցիալական նպաստներն ու կենսաթոշակները։ Այս տարվա առաջին ինն ամիսներին այս գծով ծախսերը կազմել են շուրջ 332.7 մլրդ դրամ՝ թերակատարվելով 4.9%-ով։ Թերակատարումը  հիմնականում նպաստների գծով է։

Երկրի  պետական պարտքի տոկոսավճարները ևս էական ծավալի են։ Ինն ամիսներին 117.8 մլրդ դրամ ուղղվել է կառավարության պարտքի սպասարկմանը։ Ծախսվել է գրեթե այնքան, որքան պլանավորվել էր։ Այդ գումարներն ուղղվել են Հայաստանի թե ներքին, թե արտաքին պետական պարտքի սպասարկմանը։

Ընթացիկ ծախսերից շուրջ 116.9 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը ծրագրվածից 5.4%-ով քիչ է։

Պետական գնումների՝ ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետբյուջեից օգտագործվել է 113 մլրդ դրամ։ Ծրագիրը թերակատարվել է 27.1%-ով։

Ընթացիկ ծախսերից 76.1 մլրդ դրամն էլ սուբսիդիաներն են, որոնք թերակատարվել են 4.8%-ով։

Այս տարվա հունվար-սեպտեմբերի պետական բյուջեի միջոցներից 132 մլրդ դրամ էլ տրամադրվել է այլ ծախսերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել