Բեդվորթից (Յորքշիր, Մեծ Բրիտանիա) 17 տարեկան Բեթ Ուորլին իր մոտ սկսել է նկատել տրամադրության կտրուկ փոփոխություններ, իսկ զգացումները զսպելն ու կառավարելը նրա համար անչափ դժվար էր դարձել: Ինչպես ավելի ուշ է պարզվել, այս փոփոխությունները լյարդի քաղցկեղի ախտանիշներ էին:

The Daily Mail հայտնում է, որ անսպասելիորեն աղջկա մոտ, որը նախկինում եղել է ավելի հավասարակշռված, սկսել են հայտնվել զայրույթի նոպաներ եւ տրամադրության փոփոխություններ: Նրա մոտ տրամադրության փոփոխություն եւ զգացմունքային ուժգին արձագանքներ՝ ինչպես ագրեսիա, այնպես էլ լալկանություն, կարող էին առաջացնել ամենահասարակ բաները, օրինակ՝ հատակին ընկած իրը: Եթե հանկարծ ինչ-որ բանից դժգոհ էր, ադրենալինի ներհոսքն առաջացնում էր ջերմություն եւ հեւոց, սրտի զարկերի հաճախացում: Բեթին երբեմն թվում էր, թե ահա-ահա կուշաթափվի:

«Ես չէի կարողանում կառավարել իմ էմոցիաները: Մեկ ակնթարթում դառնում էի խելացնոր, իսկ հաջորդ պահին արդեն սկսում էի հեծկլտալ»,- հիշում է նա:

Աղջկա մոտ, բացի էմոցիոնալ «ճոճանակներից», հայտնվել է նաեւ փորացավ, որը սկզբում վերագրել են գրգռված աղիների համախտանիշին:

18 տարեկանում հերթական հետազոտությունից հետո պարզվել է, որ աղջկա մոտ քաղցկեղ է՝ պարագանգլիոմա, որի դեպքում ուռուցքներն աճում են նյարդային բջիջների վրա եւ կարող են զարգանալ տարբեր տեղերում: Այսպիսի ուռուցքները սովորաբար դանդաղ են աճում եւ հաճախ բարորակ են: Բայց երբեմն կարող են վտանգավոր լինել, ինչպես եւ դա տեղի էր ունեցել պատանի բրիտանուհու դեպքում: Բեթի մոտ պարագանգլիոման հորմոնների արտադրման խախտում էր առաջացրել, ինչը եւ ադրենալինի ժայթքման պատճառն էր՝ ոչ ադեկվատ զգացմունքայնությամբ:

Բիրմինգեմում Եղիսաբեթ թագուհու հիվանդանոցում աղջկան մի քանի շաբաթ առաջ վիրահատել են, եւ ուռուցքը լյարդից ու հարեւան գեղձերից հեռացվել է:

«Վիրահատությունից հետո ես կարողացա ուշքի գալ մի քանի ամիս հետո, բժիշկներն անգամ ինձ առաջարկում էին համալսարանից հեռանալ: Բայց ես հրաժարվեցի, վերադարձա ուսմանը եւ անգամ կարողացա մեքենա վարելու քննություն հանձնել»,- պատմել է Բեթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել