Հայաստանում կան սիտուատիվ կուսակցություններ, որոնք ինչ-որ պահի կարող են ունենալ իշխանություն, սակայն իշխանությունը կորցնելուց հետո անէանալ, ըստ էության, դադարել գոյություն ունելուց: Այսինքն՝ նրանց գոյությունը պայմանավորված է իշխանություն ունենալով կամ իշխանության մասնիկը լինելով:

Դրա վառ օրինակներն են ՀՀՇ-ն, Օրինաց երկիրը և այլն: Այսպես կլինի նաև ՔՊ-ի հետ, դա ժամանակավոր կառույց է, որի ստեղծման նպատակն էր գալ իշխանության, ոչ ավելին, և իշխանության կորստից հետո այն դե ֆակտո կդադարի գոյություն ունենալուց: Դաշնակցության պարագայում դա այդպես չէ: Սա կարևոր է հասկանալ դրա պատճառները, որպեսզի կարողանանք ճիշտ եզրակացություններ անել, սակայն դա այլ խոսակցության թեմա է։

Մյուս կարևոր պահը ներկուսակցական քննարկումների կամ առճակատման փաստարկներն ու հակափաստարկներն են: Կողմերը պարբերաբար բերում են կուսակցության կանոնակարգից հղումներ, որոնք մեկնաբանում են ու դրանցով հիմնավորում իրենց տեսակետ հայտնելու իրավունքը: Մյուս կուսակցությունների դեպքում մենք նման բան չենք տեսել, անգամ նման բան պատկերացնել չի լինի: Մասնավորապես, դա հնարավոր չէ պատկերացնել «հեղափոխական», սակայն միաձայն քվեարկող, ներկուսակցական դիսկուսիայից զերծ իշխող ՔՊ-ում։ Այնտեղ ինքնուրույն տեսակետներ չկան, կամ եթե կան, յուրաքանչյուրի հոգու խորքում, չափազանց խորը պահված։ Մենք գործ ունենք առերևույթ տեսակետ չունեցող, ժամանակից շուտ հարմարվողական դարձած հնազանդ «հեղափոխական» զանգվածի հետ։

Մյուս կուսակցությունների համար կանոնակարգերն ունեն ձևական բնույթ: Դա նույնպես շատ կարևոր է ներկուսակցական հարաբերությունները հասկանալու համար:

Մյուս կարևոր պահն այն է, որ դա միակ կուսակցությունն է, որտեղ հրապարակային ներկուսակցական դիսկուսիա է սկսվել, որը նշանակություն ունի երկրի քաղաքական կյանքի համար: Մյուս կուսակցություններում մենք նման ներկուսակցական դիսկուսիա դեռևս չենք տեսել (թերևս, ժամանակին, ՀՀՇ-ում նման դեպքեր կային):

Կարևոր է նաև, որ կոնֆլիկտն ընթանում է երիտասարդական կառույցների միջև, ու բավականին գրագետ ու բովանդակային քննարկում է ընթանում: Եթե կա ներկուսակցական առճակատում, դա նշանակում է, որ կյանքը չի մարել այդ կուսակցության ներսում, առավել ևս, որ դա տեղի է ունենում ամենապահպանողական կուսակցության ներսում:

Հ․Գ․ Այնքան էլ շատ չեն մարդիկ, որոնք իմ չափ քննադատել են Դաշնակցությանը։ Բայց ցանկացած քննադատություն պետք է օբյեկտիվ կերպով արվի։ Նաև կարևոր է, որ քննադատելու բան լինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել