Արաբ ներդրողների հետ կապված պատմությունը կողմերը ներկայացրել են իրենց տեսանկյուններից, և չի բացառվում, որ արդյունքում թացն ու չորը խառնված լինեն:

Մի բան հստակ է․ ինչպիսին էլ լինեն դեպքի մանրամասները, արդյունքը դրանից չի փոխվում. խոշոր միջազգային ներդրողը հիասթափված է գործող իշխանությունից, և սա ազդակ է այլ պոտենցիալ ներդրողների համար:

Հնարավո՞ր էր այնպես անել, որ նման աղմուկ չբարձրանար։ Իհարկե, հնարավոր էր: Հետևո՞ւմ է սրանից, որ ներդրումային ցանկացած ծրագիր պետք է հավանության արժանանա և որևէ մերժում չստանա, իհարկե, չի հետևում: Բայց այդ ամենը պետք է արվի այնպես, որ, ինչպես այս դեպքում եղավ, ներդրողը առիթ չունենա հանրայնացված բողոքելու իշխանության ներկայացուցչի պահվածքից, այն էլ՝ ինչպիսի հարցերում…

Իսկ առիթ չտալու համար, նախևառաջ, ինստիտուցիոնալ, ռազմավարական մոտեցում է պետք ոլորտի հետ կապված:
Քանի դեռ չկա այդ մոտեցումը, ներդրողը կարող է մերժվել ջինսե տաբատներ կրելու պատճառով, գործող ներդրումային ծրագիրը կարող է կասեցվել և երկու տարի պահվել իրարամերժ զարգացումների ներքո, ներքին ներդրողներից որոշներին կարող են անհասկանալի տրամաբանությամբ արտոնություններ տրամադրել՝ տնտեսվարողների շրջանում մեծացնելով բիզնես միջավայրի անհավասարությունը, այսինքն՝ տնտեսություն վարել ըստ ճաշակի ու տրամադրության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել