Պատասխանելով լրագրողի (բավական պրովոկացիոն) հարցին, թե ՀՀ-Իտալիա հարաբերությունների վրա ինչպես կազդի փաստը, որ Ադրբեջանը համարվում է Իտալիայի էներգիայի հիմնական մատակարարը, Փաշինյանը խոսեց փիլիսոփայորեն՝ վստահեցնելով, որ դա (էներգիան) այն չէ, ինչ մտածում են:

Եվրոպայի սրտում եվրոպական թերթին տված հարցազրույցում Հայաստան-Եվրոպա հարաբերություններին առնչվող հարց և ոչ մի ակնարկ ՀՀ-ԵՄ ընդլայնված համաձայնագրի մասին:

Արդյո՞ք համաձայնագրի (CEPA) փաստն առաջ քաշելով ՀՀ վարչապետն ավելի ծանրակշիռ պատասխան չէր ներկայացնի, քան էներգիայի մասին իր պատկերացումներն են:

Ո՞րն է խնդիրը, ինչպե՞ս կարելի է Եվրոպա կատարվող այցից առաջ օրակարգում այնքան չունենալ առկա համաձայնագրի հարցը, որ հարցազրույցի ժամանակ շատ պատեհ առիթին եվրոպացի գործընկերներին ևս մեկ անգամ հիշեցնելու և հորդորելու արագացնել մեզ համար իրական ձեռքբերում համարվող պայմանագրի վավերացման գործընթացը, այն պայմանագրի, որով մենք իրապես քայլ առաջ ենք տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների համեմատ: Կարելի է, չէ՞, երկրի առաջին դեմքին մի փոքր ավելի լավ պատրաստել:

Հատկանշական է, որ թերթի հետ հարցազրույցը հրապարակվում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքման օրը (կնքվել է 2017թ. նոյեմբերի 24-ին):

Հ.Գ. Ստորև՝ հարցազրույցի նշված հատվածի հայերեն թարգմանությունն է․

- Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է, առաջինը՝ նավթի մատակարարմամբ: Արդյոք սա խնդի՞ր է մեր երկրի հետ ձեր հարաբերությունների համար:

- Մենք ունենք բավական լավ հարաբերություններ և հուսով ենք, որ դրանք էլ ավելի կբարելավենք: Բայց ես կասեի, որ Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի և գազի մատակարար է: Այսօր «էներգիա» բառի իմաստը շատ արագ փոխվում է: Շատ շուտով Իտալիայի և բոլոր երկրների համար էներգիայի հիմնական մատակարարը կլինի արևը, հետևաբար, մենք պետք է հաշվի առնենք փաստերն ու ապագան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել