168.am-ը գրում է․

ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ երեխա որդեգրելու իրավունք ունեն բոլոր չափահաս մարդիկ, բացառությամբ.

1. դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք,

2. ամուսինները, որոնցից մեկը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

3. դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված կամ ծնողական իրավունքները սահմանափակված անձինք,

4. օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից հեռացված անձինք,

5. նախկին որդեգրողները, եթե որդեգրումը դատարանով վերացվել է նրանց մեղքով,

6. այն անձինք, որոնք առողջական վիճակով չեն կարող իրականացնել ծնողական իրավունքներ,

7. այն անձինք, որոնք որդեգրման պահին չունեն այնպիսի եկամուտ, որը կապահովի որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները,

8. այն անձինք, որոնք չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաև այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սանիտարական և տեխնիկական սահմանված պահանջներին,

9. որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն ունեցող անձանց:

Այն, ինչ չի արգելվում օրենքով, ուրեմն թույլատրվում է: Բացառությունների ցանկում սեռական կողմնորոշման արգելք նշված չէ:  Ստացվում է, որ ՀՀ Ընտանեկան օրենսգրքով այսօ՞ր էլ երեխա որդեգրել կարող են նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները:

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կողմից երեխա որդեգրելու թեման հայ հասարակության մեջ ակտիվացավ՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ուղղված աղմուկին զուգահեռ: Շատերը դեմ են «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին», ինչպես ընդունված է ասել Ստամբուլյան կոնվենցիային, փաստարկելով, թե կոնվենցիայի վավերացումը հնարավորություն կտա ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին օրինականացնել իրենց ամուսնությունը, երեխա որդեգրել:

Ընտանեկան օրենսգրքի և որդեգրման կարգի մասին 168.am-ը զրուցեց փաստաբան Տիգրան Գրիգորյանի հետ, որն ասաց, որ անկախ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից՝ մեր ներպետական օրենսդրությունն ուղղակի չի նշում սեռական կողմնորոշման արգելք:

«Ընտանեկան օրենսգիրքն ու այլ իրավական ակտեր տալիս են որդեգրման կարգ, որևէ խոսք՝ սեռական փոքրամասնության կամ ԼԳԲՏ համայնքի մասին, չկա: Անգամ արգելքների, բացասական եզրակացություն տրամադրելու դեպքում սեռական փոքրամասնություն հանդիսանալու հանգամանքը չի նշվում՝ որպես արգելող չափորոշիչ»,- 168.am-ին ասաց փաստաբան Տիգրան Գրիգորյանը:

Երեխաների որդեգրման կարգը ներկայացնելիս փաստաբանը նշեց, որ այսօր երեխա որդեգրել կարող են և՛ ամուսինները, և՛ մի անձը: Որդեգրման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է եզրակացություն, ինչը ստանալու համար որդեգրողը պարտավոր է ներկայացնել որոշակի փաստաթղթեր (անձը հաստատող,  բնակարանային պայմանների,  ընտանիքի կազմի, զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և այլ եկամուտների մասին տեղեկանքներ, ինչպես նաև անձի պատշաճ վարքագծի մասին  երաշխավորություն, բժշկական փաստաթուղթ, ամուսնական վկայական, եթե կա, և այլն):

Արդյունքում՝ տրվում է դրական կամ բացասական եզրակացություն, որն ունի 12 ամսվա ուժ:

«Մարդն աշխատում է, ինչ-որ ընկերության լավ աշխատակից է, բերում է տնօրենից բնութագիր: Բայց որևէ մեկը չգիտի, որ այս մարդը կարո՞ղ է՝ քողարկված համասեռամոլ է, լեսբուհի, համենայն դեպս, իմ պատկերացմամբ՝ ոչ նորմալ կողմնորոշում ունեցող մարդ է, որին պետությունը թույլատրում է  որդեգրել մեր հայ ճուտիկին»,- ասաց փաստաբանը:

Տիգրան Գրիգորյանն ասաց, որ որդեգրման թույլտվություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերի ստուգման գործընթացներով զբաղվում է համայնքը՝ իր ստորաբաժանումներով: Ոստիկանությունը գործընթացին չի մասնակցում:

«Քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցները որքան էլ ստուգեն, իրենք օպերատիվ տվյալ չեն կարող ունենալ, թե ով է այդ քաղաքացին, ինչով է զբաղվում: Ես խոսում  եմ դեռ մեր քաղաքացիների մասին: Բազմաթիվ դեպքեր ունենք մեր փաստաբանական պրակտիկայում, որ քաղաքացին, թեև հաշվառված չէ որևիցե հոգեբուժարանում, բայց առերևույթ կամ թաքնված խնդիրներ ունի»,- ասաց փաստաբանը:

Գրիգորյանը պնդում է, որ անհրաժեշտ է գործընթացում ներգրավել նաև ոստիկանությանը, քանի որ, ըստ նրա՝ լինում են դեպքեր, երբ մարդը պատասխանատվութան չի ենթարկվել, իր գործերում այդ մասին խոսք չկա, բայց հնարավոր է , որ տվյալ անձը կյանքում  վտանգավոր է: Գրիգորյանի համար դրա վառ ապացույցն է ԱԱԾ վերջին բացահայտումը հայ երեխաներին ապօրինի որդեգրելու և արտասահման տանելու մասին:

«Սա այն ամենն է, ինչը, այդ փաստաթղթերի ձևականության ներքո, կարողացել են ենթադրյալ հանցագործություններն անել: Դրանից լավ ապացույց չունենք, որ ամեն ինչ ձևական է տեղի ունենում, չեն խորանում»,- ասաց փաստաբանը:

Գրիգորյանն օրենքներն ու ենթաօրենսդրական այլ ակտեր մեջբերելով՝ նշեց, որ այս պահին ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը չի արգելում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին երեխա որդեգրել: Ճշտող հարցին, թե՝ եթե չի արգելում, ուրեմն թույլատրո՞ւմ է, պատասխանեց՝ այո:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել