ՀՀ-ում օրենքի մակարդակով հաստատվեց մի նախադեպ, համաձայն որի՝ պետությունը պատրաստ է մեծացնել աշխատողի եկամուտը չաշխատելու դիմաց:

Խոսքը Կառավարության վերջին (15.11.2019) նիստի ընթացքում դրական եզրակացություն ստացած «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի մասին է։

Սա այն փաթեթն է, որով նախատեսվում է, որ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում ՍԴ դատավորները մինչև իրենց պաշտոնավարման ժամկետը լրանալը կստանան կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Այ հիմա իսկապես գործ ունենք աննախադեպ բանաձևի հետ. ավելի բարձր վարձատրություն՝ չաշխատելու դիմաց:

Երևույթն իսկապես մտահոգիչ է, քանի որ կառավարությունը փաստացի հավանության է արժանացրել օրենքի մակարդակով պաշտոն գնելու նախագծին. պետությունը փորձում է գնել ՍԴ դատավորների հաստիքները:

Ո՞րն է նման գործելաոճի ուղերձը գալիք իշխանություններին, քաղաքական մշակույթի ի՞նչ ցածրորակ նախադեպ է ստեղծվում՝ գործարքով խնդիրներ լուծելո՞ւ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել