Հիշո՞ւմ եք՝ Դավիթ Սանասարյանը ոնց էր հերքում երեխային մեքենայի տակ գցելու պատմությունը, հետո, երբ հանգամանքներն ի հայտ եկան, ասաց, թե իրեն թվացել է՝ երեխա չէ, կատու է, իսկ ավելի ուշ ասաց, որ երեխան ինքն է եկել ու ընկել մեքենայի տակ: Այսօր փորձաքննությունն ապացուցել է, որ Դավիթ Սանասարյանը ստում է: Երեխան վնասվածք է ստացել հենց Սանասարյանի կողմից վրաերթի ենթարկվելու արդյունքում: Դավիթ Սանասարյանը մի մարդ է, որը հեղափոխությունից անմիջապես հետո նշանակվեց բարձր պաշտոնի, ապա հեռացվեց այդ պաշտոնից թույլ տված ապօրինությունների համար, բայց ինչպես վրաերթի դեպքում, այնպես էլ պետական միջոցների յուրացման դեպքում Սանասարյանը հերքում էր իր մեղավորությունը՝ քավության նոխազ դարձնելով իրավապահներին ու իր անմեղության մեջ կասկածողներին: Մինչդեռ փորձը ցույց տվեց, որ Դավիթ Սանասարյանն ընդամենը շարքային ստախոս ու հանցագործ է:

Բայց մեկ այլ բանն է կարևոր: Չնայած ծանր մեղադրանքներին և գործած նոր հանցանքին՝ այս իշխանության յուրային Դավիթ Սանասարյանը շարունակում է մնալ ազատության մեջ, իր ընտանիքի կողքին, իսկ ընդդիմադիր Արսեն Բաբայանը, որը բազմիցս ապացուցել է գործող ԱԺ ղեկավարության ապօրինությունները, այսօր անազատության մեջ է ինչ-որ թղթի ամսաթիվ իբր կեղծելու համար: Արսեն Բաբայանը ոչինչ չի թալանել, ոչ մեկին որևէ վնաս չի տվել, ոչ մեկի երեխային անդամալույծ չի դարձրել՝ ի տարբերություն Դավիթ Սանասարյանի: Բայց Արսեն Բաբայանը արդեն 10 օր է՝ ապօրինի կալանքի տակ է, իսկ կնոջն ու մանկահասակ երեխաներին տեսնելու հնարավորություն ստացավ միայն այսօր՝ մամուլի ու փաստաբանների ջանքերի շնորհիվ:

Այսօր գործում են նույն երկակի ստանդարտները, որոնք պիտի տեղ չունենային «Նոր Հայաստանում»: Տղե՛րք, բա ասում էիք՝ իրավիճակ է փոխվել: Գուցե փոխվել է, բայց միայն ձեր դրամապանակներում ու կենցաղում: Իսկ գլոբալ առումով ոչինչ չի փոխվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել