Արցախյան հիմնահարցը և Հայաստանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում արդեն շուրջ մեկուկես ամիս է, ինչ Հայաստանը ստանձնել է եվրոպական ամենահին և հեղինակավոր կառույցներից մեկի՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը:


ԵԽԽՎ ամառային նստաշրջանի առաջին օրը՝ հունիսի 24-ին, ԵԽԽՎ լիագումար նիստին Հայաստանի նախագահության առաջնահերթությունների և ԵԽ գործունեության մասին զեկույցով հանդես եկավ մեր արտգործնախարարը, որը հանդիսանում է ԵԽ Նախարարների կոմիտեի կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը:

Էդվարդ Նալբանդյանի ելույթին և դրան հաջորդած հարցուպատասխանի մասին լրատվամիջոցներում տարբեր արձագանքներ եղան, որոնցից որոշներում փորձ էր արվում քննադատել թե՛ Հայաստանի նախագահության գործունեությունը, թե՛ Հայաստանի արտգործնախարարի ելույթն ու հարցերի պատասխանները:

Մասնավորապես դժգոհություն կար՝ կապված այն հանգամանքի հետ, որ նախարար Նալբանդյանը ղարաբաղյան հիմնախնդրին անդրադարձ չի կատարել իր ելույթի ընթացքում: Առկա էր նաև այն մտայնությունը, որ Հայաստանը արդյունավետ չի օգտագործում իր այս հնարավորությունը ի շահ Արցախյան հարցի: Այս համատեքստում հայ քաղաքական գործիչներից մեկը զուգահեռներ անցկացրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի նախագահության հետ, որ ամեն կերպ ձգտում է օգտագործել իրեն ընձեռնված լծակները՝ Ղարաբաղի հարցը ՄԱԿ-ի օրակարգ բերելու համար: Ուստի տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու՞ է Հայաստանի արտգործնախարարը հապաղում օգտագործել այդ «ոսկե հնարավորությունը»:

Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացից քիչ թե շատ տեղյակ ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության անհրաժեշտության մասին հորդորները հենց Ադրբեջանի ցանկությունն է, և արժե նաև հիշել, որ այս թեմայի հետ կապված հարցեր ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանին ուղղում էին հենց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակները: Նաև պետք չէ մոռանալ, որ նախկինում հենց Ադրբեջանն է բազմիցս փորձել հարցը տեղափոխել այլ կազմակերպությունների օրակարգ: ԵԽԽՎ-ում թուրք Մեվլութ Չավուշօղլուի նախագահության շրջանում էր հենց, որ փորձ արվեց վերակենդանացնել ղարաբաղյան հարցով զբաղվող ենթահանձնաժողովը, երևի մեր դժգոհողները մոռացել են, թե ինչ հսկայական ջանքեր պահանջվեցին այդ կառույցի հնարավոր գործունեությունը կասեցնելու համար:

Այժմ անդրադառնանք նաև այն հարցին, թե ԵԽ հայկական նախագահության առաջնահերթությունները ի՞նչ առնչություն կարող են ունենալ արցախա-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծման համար: Ըստ էության, այժմ թե Հայաստանի, թե Արցախի, թե միջազգային հանրության համար ավելի քան պարզ է, որ Ղարաբաղյան խնդրի լուծման հիմնական խոչընդոտը Ադրբեջանում տիրող հայատյացության և ռասիզմի մթնոլորտն է: Ուստի խաղաղության հաստատումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ միջազգային հանրությունն իր գնահատականը տա այդ երկրում պետական մասշտաբով իրականացվող այլատյացության քարոզչությանը:

Ստեղծված պայմաններում հայկական դիվանագիտությունը պարզապես պարտավոր էր ընձեռնված միջազգային բարձր հարթակն օգտագործել այդ հանցավոր քաղաքականությանը համապատասխան միջազգային որակում տալու, նման երևույթների դեմ ԵԽ նման կառույցի հնարավորություններն օգտագործելու
համար: Ուստի պատահական չէ, որ հայկական նախագահության կարևոր գերակայությոըններից մեկը այլատյացության և ռասիզմի դեմ պայքարն է:
Մասնավորապես, հայկական նախագահությունը շարունակելու է աջակցել «Ոչ ատելության քարոզչությանը» խորագրով համաեվրոպական երիտասարդական նախաձեռնությունը: Այս ծրագիրն արդեն գործում է ԵԽ անդամ 34 պետություններում: Հայկական նախագահության կարևոր նպատակներից մեկն է լինելու այս նախաձեռնության արդյունքում ձևավորված հասարակական կարծիքը վերածել գործուն քաղաքականության:

Վերոհիշյալը միայն մի մասն է այն քայլերի, որ Հայաստանի Հանրապետությունը իրագործելու է իր նախագահության վեց ամիսների ընթացքում, ուստի այն անհիմն քննադատությունները, թե հայկական դիվանագիտությունը արդյունավետ չի օգտագործում ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը, մեր խորին համոզմամբ, տեղին չեն: Պարզապես միշտ չէ, որ լուրջ և ծավալուն դիվանագիտական աշխատանքը տեսանելի է լինում հասարակության համար:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, 
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել