Ի սկզբանե որպես դրական փաստ արձանագրենք Հայաստանից շուրջ չորս ուղղություններով էժան ավիաթռիչնքեր իրականացնելու հնարավորությունը:

Բացասական չէ նաև այն հանգամանքը, որ պետությունը բյուջետային միջոցներից սուբսիդիաներ է անում՝ ի շահ քաղաքացու: Այս իմաստով բոլոր այն քննարկումները, թե նույն ավիաընկերությունը նույն պայմաններով դեռևս 2015-ից կարող էր մտնել հայկական շուկա, ընդգծում են երկու կարևոր հանգամանք․

1. Որևէ կերպ միտում չունենալով նսեմացնել Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի արած գործը՝ սա իսկապես վերջինիս միանձնյա ու աննախադեպ աշխատանքի արդյունք չէ, պարզապես փոխվել են որոշ հանգամանքներ, որոնց շուրջ՝ երկրորդ կետում:

2. Հանգամանքների փոփոխությունը ևս պետք չէ դիտարկել միայն քաղաքական ենթատեքստում: Պետության կողմից նմանատիպ լայնածավալ (խոսվում է շուրջ 5 մլն դոլարի մասին) բյուջետային հատկացումների համար հիմնավորվածությունը պետք է լինի դրա արդարացվածությունը նույն բյուջեի տեսանկյունից: Որքան էլ իշխանություններն ունենան քաղաքացուն լավություն անելու բարի կամք, եթե ներդրված գումարները չեն ապահովում համարժեք վերադարձելիություն, ներդրումը գնահատվում է չարդարացված: Էստեղից էլ՝ հանգամանքների մի քանի բովանդակային կետ.

• Որքանո՞վ է նպատակահարմար եղել բյուջեից նման հատկացումներ անել 2015-ին,
• Որքանո՞վ նպատակահարմար դարձավ դա անել հիմա՝ 2019-ին,
• Դեպի բյուջե վերադարձելիության ինչպիսի՞ հաշվարկներ են եղել երկու ժամանակահատվածներում:

Հաշվի առնելով բյուջեի համաժողովրդական լինելը՝ կարծում եմ՝ կարիք կա հանրայնացնելու բոլոր այս հաշվարկները, որոնց հիման վրա կայացվել է որոշում, որպեսզի ո՛չ քննադատություններից նեղացողներ լինեն, ո՛չ էլ քննադատությունները քննադատողներից։ 

Հ.Գ. Էժան ավիատոմսերից օգտվելու են բացառապես բոլորը, բայց դա չի ենթադրում այլ կարծիք ունենալու իրավունքից զրկում, ու այս հարցի շահարկումը հեռու է պետական մտածողությունից:

Հ.Հ.Գ. Համաժողովրդական բյուջեի հաշվին հատկացումներ տրամադրելը, որքան էլ որ դրա նպատակը լինի ժողովրդական, հանրային մեծ հնչողության հարց է, քանի որ խոսքը բոլորիս կողմից վճարված հարկերին է առնչվում: Հարցի շուրջ Հայաստանի քաղաքացիները ո՛չ հանրաքվեով, ո՛չ էլ Հանրապետության հրապարակից կարծիք հայտնելու հնարավորություն չունեցան, մինչդեռ իշխանությունները դեռևս մեկ տարի առաջ մեզ խոստանում էի հենց այդպիսի կառավարում:

Հ.Հ.Հ.Գ. Լավ կլինի՝ շատ լսենք մասնագետների կարծիքներ, արդյո՞ք Ryanair-ի՝ այս պայմաններով մուտքը շուկա ռիսկեր է առաջացնում ազգային ավիացիայի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել