ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված մի շարք, մեղմ ասած, սխալները՝ սկսած արարողակարգի պահանջների թերացումներից, հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում առաջացած հարցադրումներից, վերջացրած տեխնիկական խոտանով ու սելֆիներով, հայտնվել են ռուսական «Россия» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Москва. Кремль. Путин» հաղորդման ուշադրության կենտրոնում:

Հեռուստաընկերությունն անդրադարձել է Բաղրամյան 26-ի դռների բլից վերանորոգմանը, գորգերը փռելու գործընթացին, բակում մաքրուհիներին, Լուկաշենկոյի ճանապարհը փակած լրագրողներին, վրացի լրագրողի՝ այդտեղ գտնվելու «պատահականությանը», զրահապատ միկրոավտոբուսին ու թիկնազորի ներկայացուցչի՝ դրանից անտեղյակությանը, Փաշինյան-Պուտին կրկնակի հրաժեշտին, իհարկե, Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպմանը: Ցավոք սրտի, շարքը շարունակելի է, և ցավոք, այս ամենը՝ մեզ համար ոչ այնքան լուսավոր դիտանկյունից (տեսանյութը՝ մեկնաբանությունում):

Մենք, իհարկե, կարող ենք վրդովվել, կոծկել կամ «արժանի հակահարված» տալ, բայց արդյո՞ք կարող ենք անաչառ գնահատել ամենը: Իհարկե, չեմ խոսում «թագավոր վարչապետի» մակարդակի գնահատականների մասին:

Կարո՞ղ ենք հերքել արված աշխատանքների անփութությունը: Կամ ինչպե՞ս կարող ենք բացատրել արարողակարգի կոպիտ խախտումները:

Եվ ի վերջո, ե՞րբ պիտի հասկանանք, որ «դուխով» «գերսուբյեկտայնության» հիվանդագին դրսևորումների վրա ծախսված ջանքերն ավելի շատ վնաս են հասցնում պետությանը, և դրանք կարելի է ուղղել , օրինակ, նմանատիպ միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել