Ժողովրդավարական երկրներում զսպման և հակակշիռների համակարգը հաստատված է Սահամանադրությամբ, օրենքներով, այլ իրավական ակտերով և իրականացվում է այդ դրույթների համաձայն։ Այդ մեխանիզմներից մեկը իմպիչմենտի ինստիտուտն է, որն ամրագրված է ԱՄՆ սահմանադրության մեջ հիմնադիր հայրերի կողմից՝ որպես օրենսդիրի կողմից գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողական յուրահատուկ մեխանիզմ։ ԱՄՆ-ում իմպիչմենտ իրականացնելու գործառույթը վերապահված է օրենսդիր մարմնին, մասնավորապես՝ երկպալատ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատնին, որն ունի «իմպիչմենտի բացառիկ լիազորություն» (Հոդված 1, մաս 2), իսկ Սենատը՝ Կոնգրեսի վերին պալատն ունի բոլոր իմպիչմենտները հետաքննելու բացառիկ լիազորություն (Հոդված 1, մաս 3)։ ԱՄՆ Սահմանադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ «նախագահը, փոխնախագահը և ԱՄՆ բոլոր հանրային ծառայողները կարող են իմպիչմենտով պաշտոնից հեռացվել դավաճանության, կաշառակերության կամ այլ ծանր հանցանքների և զանցանքների համար»։
Իմպիչմենտի կիրառման շրջանակը մեծ բանավեճերի առիթ է հանդիսացել։ Պատճառն այն է, որ եթե դավաճանության և կաշառակերության նշանակությունը պարզ է, ապա նույնը չի կարելի ասել «ծանր հանցանքներ և զանցանքներ» հասկացությունների մասին։ Արդյունքում, իմպիչմենտի կիրառելիությունն ունի իր իրավական և քաղաքական մեկնաբանությունները։ Իրավական առումով, իմպիչմենտը պետք է սահմանափակվի քրեական հանցանքների շրջանակներում, այսինքն այնպիսի հանցանքներ, որոնցով պաշտոնյանին կարող է մեղադրանք առաջադրվել դատարանում։ Մինչդեռ, քաղաքական մեկնաբանությունը դիտարկում է իմպիչմենտը, որպես միջոց՝ ընդդեմ այն պաշտոնատար անձանց, ովքեր որևէ օրենք չեն խախտել, բայց նրանց գործունեության ընթացքում վնաս են հասցրել պետությանը։
Հատկանշական է, որ 1787թ․ ԱՄՆ Սահմանադրական համաժողովի ժամանակ պատվիրակներից մեկը՝ Ջորջ Մեյսոնը, սկզբնապես առաջարկեց, որ անբարեխիղճ կառավարումը (maladministration) դիտարկել որպես իմպիչմենտի հիմք։ Վերջինս ենթադրում էր, որ գործադիրի նկատմամաբ կարելի է իմպիչմենտ իրականացնել սահմանադրությամբ նախատեսված պարտականությունների վատ կատարման կամ իր վարչակազմի գործողությունների վերահսկման անկարողության դեպքերում։ Մեկ այլ գործիչ՝ Ջեյմս Մեդիսոնը պնդեց, որ նման սուբյեկտիվ եզրույթի կիրառումը թույլ կտա նախագահի հեռացում իրականացնել առաջնորդվելով պարզապես քաղաքական նկրտումներով և 4 տարին մեկ իրականացվող ընտրություններն արդեն իսկ բավարար են՝ կանխելու «անբարեխիղճ կառավարումը»։ Արդյունքում Մեյսոնը առաջարկեց այդ եզրույթը փոխարինել «ծանր հանցանք և զանցանք» բառակապակցությամբ։ Բայց ըստ որոշ հեղինակների, նման փոփոխությունը պարզապես բառախաղ էր, քանի որ «ծանր հանցանք և զանցանք» բառակապակցությունը վերաբերում է ոչ թե քրեական հանցանքներին, այլ բարձր պաշտոն զբաղեցնող անձանց կառավարման սխալներին։
1787թ․ ԱՄՆ Սահմանադրական համաժողովի ժամանակ որոշ պատվիրակներ նախազգուշացնում էին, որ իմպիչմետի իրավունքը կարող է չարաշահվել կուսակցական նպատակներով։ Իսկ հիմնադիր հայրերից Ալեքսանդր Համիլթոնը նախազգուշացնում էր, որ «իմպիչմենտի ցանկացած գործընթացում միշտ կլինի մի մեծ վտանգ, որ որոշումները կկայացվեն ոչ թե մեղքի, կամ անմեղության փաստը հաշվի առնելով, այլ կուսակցության հզորությունից ելնելով»։ Մինչդեռ Ջեյմս Մեդիսոնին՝ Թոմաս Ջեֆերսոնի 1798 փետրվարի 15-ին ուղղված նամակում նշվում էր, որ իմպիչմենտը «ամենահզոր զենքն է իշխող քաղաքական խմբակցության նպատակներին հասնելու համար, որ երբևէ հորինվել է։ Այն ամենագործուն տարբերակն է ազատվելու ցանկացած մեկից, ում վտանգավոր կհամարեն իրենց համար»։
Իմպիչմենտի դեմ արտահայտվողները հաճախ նշում են, որ այն կարող է լինել անբավարար և անտեղի։ Անբավարար, քանի որ վատ ղեկավարումը և իրավական պարտավորությունները իմպիչմենտի շրջանակներից դուրս են։ Անտեղի, քանի որ իմպիչմենտը կարող է վերածվել քաղաքական կրկեսի։ Ի հակադրություն դրա, եթե նույն գործընթացը քննվեր դատարաններում, կստանայինք նախագահի մասնակցության դատական գործերի անաչառ քննություն։

Իմպիչմենտը ԱՄՆ պատմության ընթացքում

ԱՄՆ պատմության ընթացքում տեղի է ունեցել նախագահի 2 իմպիչմենտ՝ Էնդրյու Ջոնսոնի և Բիլ Քլինթոնի դեպքում։ Շատերի պնդմամբ այս իմպիչմենտների հիմքում ընկած էին առավել շատ քաղաքական նկրտումներ։
Էնդրյու Ջոնսոնը ֆեդերալ կառավարությունում ընտրված միակ պաշտոնյան էր, ով ծագումով հարավային նահանգներից էր, որոնք ձգտում էին անջատման։ Լինելով ԱՄՆ փոխնախագահ՝ վերջինս նախագահի պաշտոնը ստանձնեց Աբրահամ Լինքոլնի սպանությունից հետո։ Նրա գաղափարները ԱՄՆ հարավային նահանգները վերակառուցելու և վերընդունելու մասին արմատապես տարբերվում էին 40-րդ գումարման Կոնգրեսի մեծամասնության (հատկապես ծայրահեղ հանրապետականների) տեսակետներից, որն էլ ի վերջո հիմք դարձավ իմպիչմենտի համար։ Խնդիրը կայանում էր նրանում, որ Էնդրյու Ջոնսոնը լուրջ տարաձայնություններ ուներ իր վարչակազմից Պատերազմի (պաշտպանության) քարտուղար Էդվին Սթենթոնի հետ, մինչդեռ վերջինս վայելում էր Կոնգրեսի աջակցությունը։ Կանխելու նրա հնարավոր պաշտոնից հեռացումը, Սենատը ընդունում է «Պաշտոնի զբաղեցման» ակտը, որով սահմանափակում է նախագահի իրավասությունը, պաշտոնից հեռացնել Սենատի կողմից նշանակված պաշտոնյաներին։ Ջոնսոնը կիրառում է վետոի իր իրավունքը, իսկ Կոնգրեսն էլ իր հերթին շրջանցում է այդ վետոն։ Դրանից հետո Սենատը Էդվին Սթենթոնին վերահաստատում է իր պաշտոնին, որից հետո նախագահը օգտագործելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները ի վերջո հեռացնում է նրան պաշտոնից։ Երեք օր անց Ջոնսոնի նկատմամբ իմպիչմենտը ընդունվում է Ներկայացուցիչների պալատում (1868թ.)։
Այնուամենայնիվ, այս գործընթացը չի հասնում իր տրամաբանական ավարտին, քանի որ դրա համար, ըստ ԱՄՆ Սահմանադրության Հոդված 1 մաս 3-ի , անհրաժեշտ է Սենատի անդամների ձայների 2/3։ Ջոնսոնի պարագայում անհրաժեշտ էր 36 սենատորների ձայն նրան մեղավոր ճանաչելու համար, բայց ընդամենը 35 անդամ քվեարկեցին նրա դեմ և նա շարունակեց պաշտոնավարել, որպես ԱՄՆ նախագահի ։ Հատկանշական է, որ Ջոնսոնին մեղադրում էին «ծանր հանցանք» (high misdemeanor) կատարելու մեջ, քանի որ նա առանց Լորենցո Թոմասին նշանակել էր Պատերազմի քարտուղարի պաշտոնակատար՝ առանց Սենատի համաձայնության»։ 1887թ. պաշտոնի զբաղեցման ակտը չեղարկվեց, իսկ 1926-ին ԱՄՆ Գերագույն դատարանը վճռեց, որ այդ ակտը հակասահմանադրական էր, թեև արդեն իսկ չեղարկվել էր մոտ 40 տարի անց։
Երկրորդ նախագահը, որը ենթարկվել է իպիչմենտի, Բիլ Քլինթոնն է «ծանր հանցանք և զանցանք» իրականացնելու մեղադրանքով (1998թ.)։ Մասնավորապես նրան մեղադրում էին սուտ վկայության և արդարադատության իրականացմանը խոչընդհոտման մեջ։ Սուտ վկայությունը կապված էր այն փաստի հետ, որ նախնական քննությամբ զբաղվող երդվյալների հանձնաժողովի առջև վկայություն տալիս, չնայած ճիշտը պատմելու իր երդմանը, Քլինթոնը սուտ վկայություն էր տվել, կապված իր և Սպիտակ Տան աշխատակցուհի Մոնիկա Լևինսկու հետ հարաբերությունների բնույթի մասին։ Նրան հարցաքննեցին Սենատում, սակայն իր նկատմամբ առաջ քաշված մեղադրանքները չապացուցվեցին և նա անմեղ ճանաչվեց։ Իմպիչմենտ չիրականացնելու հնարավոր պատճառների թվին կարելի է դասել հետևյալ երեքը պատճառները․ նախ, Բիլ Քլինթոնն ուներ բավականին բարձր վարկանիշ՝ իր նախագահի պարտականությունները պատշաճ իրականացնելու համար, թեև բարոյականության տեսանկյունից իր հանդեպ ինչ-որ պատժի կիրառումը կարժանանար լուրջ աջակցության։ Երկրորդ, պետության լավ տնտեսական վիճակը և այն փաստը, որ շատ ամերիկացիներ ֆինանսապես առավել բարենպաստ վիճակում էին գտնվում, կասկածի տակ էր դնում նման լավ տնտեսական ժամանակաշրջանում երկիրը ալեկոծելու հեռանկարը։ Եվ երրորդ, անկախ դատապաշտպանը և հանրապետականների կողմից ղեկավարվող Կոնգրեսը ունեին ցածր հանրային աջակցություն, ինչը նույնպես կարող էր գործել Քլինթոնի օգտին։

Նիքսոնի գործը

Հաճախ թյուրըմբռնման հետևանքով Ռիչարդ Նիքսոնին դասում են իմպիչմենտի ենթարկված նախագահների թվին, սակայն Ներկայացուցիչների պալատում իմպիչմենտի համար պաշտոնական քվեարկություն այդպես էլ չի եղել՝ նախագահի նախօրոք տված հրաժարականի հետևանքով, թեև Ներկայացուցիչների պալատի դատական կոմիտեն արդեն հավանության էր արժանացրել իմպիչմենտ իրականացնելու համար առաջ քաշված երեք հոդվածները։ Եթե Նիքսոնը հրաժարական չտար ամենայն հավանակությամբ իմպիչմենտի իրականացման բանաձևը կընդունվեր թե՛ Ներկայացուցիչների պալատի, թե՛ Սենատի կողմից։ Այս ամենը պայմանավորված էր Ուոթերգեյթի հայտնի սկանդալով։ Ուոթերգեյթ սկանդալ եզրույթն օգտագործվում է նկարագրելու 1972-1974թթ․ ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած Ամերիկյան քաղաքական սկանդալների շարքը։ Նախ՝ 1972թ․ հունիսի 17-ին Դեմոկրատական ազգային համագումարում գաղտնալսման սարքեր տեղադրող հինգ մարդ ձերբակալվեց։ Այդ տարվա ընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած ներխուժումն իրականացվել էր նախագահ Նիքսոնի վերընտրման կոմիտեի աջակիցների խմբի կողմից։ Ներխուժում կատարած անձինք և նրանց երկու հանցակիցները 1973թ․ հունվարին մեղավոր ճանաչվեցին։ 1974թ․ ապրիին Նիքսոնը հանրային ճնշման ներքո հրապարակեց Ուոթերգեյթին առնչվող խմբագրված ձայնագրության սղագրությունը։ Չնայած այդ հրապարակմանը, դա չկանխեց նրա վարչակազմի աջակցության աստիճանական անկումը, ոչ էլ հնարավոր եղավ հանրության մոտ հաստատել այն կարծիքը, որ իրականում Նիքսոնին դավադրության մեջ էին ներքաշել։
ԱՄՆ-ն ընդդեմ Նիքսոնի գործը վիճարկվել է Գերագույն դատարանում 1974թ․ հուլիսի 8-ին։ Դատարանը պահանջեց ձայնագրությունների ամբողջական գաղտնազերծում։ Նիքսոնը կատարեց Դատարանի պահանջը և նոր հրապարակված ձայնագրությունները բացահայտեցին, որ Նիքսոնը ստել է հանրությանը և խոչընդոտել արդարադատությանը։ Չնայած Նիքսոնի փաստաբանները պնդում էին, որ իմպիչմենտ հնարավոր է իրականացնել միայն քրեորեն հետապնդելի արարքների դեպքում և, որոնք հիմնավոր կասկածից վեր կարող են այնպես մեկնաբանվել, որ բավարար հիմք կծառայեն իմպիչմենտի համար, այնուամենայնիվ իմպիչմենտի անխուսափելիությունը Նիքսոնին ստիպեց 1974թ․ օգոստոսի 8-ին հրաժարական տալ։ Նախագահի պաշտոնը ստանձնեց Ջերալդ Ֆորդը, ով դարձավ ԱՄՆ պատմության միակ նախագահը, որ այս պաշտոնը զբաղեցրեց չլինելով այդ պաշտոնում ընտրված նախագահ, կամ փոխնախագահ։
Դեռ 1970թ., ապրիլին այն ժամանակ կոնգրեսական Ջերալդ Ֆորդը աջակցելով դատավոր Ուիլիամ Օ. Դուգլասի իմպիչմենտին, պնդել էր, որ իմպիչմենտի ենթակա օրինազանցությունը պարզապես այն է «ինչ Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը համարում է այդպիսին պատմական տվյալ ժամանակաշրջանում»։ Արդեն իսկ նախագահ Ջերալդ Ֆորդը իրականացրեց մի քայլ, որը բավական բուռն արձագանք գտավ։ Ջերալդ Ֆորդը 1974թ. սեպտեմբերի 8-ին ներում շնորհեց Ռիչարդ Նիքսոնին՝ մասնավորապես նշելով․ «Ես՝ Ջերալդ Ռ. Ֆորդս՝ Միացյալ Նահանգների նախագահը, հետամուտ լինելով Սահմանադրության 2-րդ հոդվածի 2-րդ մասով ինձ վերապահված ներում շնորհելու լիազորությանը, շնորհել եմ և հիմա ներկաների առջև հաստատում եմ, որ շնորհում եմ ամբողջական և բացարձակ ներում Ռիչարդ Նիքսոնին, Միացյալ Նահանգների դեմ իրականացրած բոլոր այն օրինազանցությունների համար, որոնք ինքը՝ Ռիչարդ Նիքսոնը գործել է, կամ հնարավոր է գործել է 1969թ-ի հունվարի 20-ից 1974թ. օգոստոսի 9-ը ընկած ժամանակահատվածում»։ Ներում շնորհելուց հետո նախագահ Ֆորդի վարկանիշը նվազեց 16 տոկոսով, իսկ իր մամլո խոսնակը հրաժարական տվեց՝ ի նշան այդ որոշման հետ իր անհամաձայնության։ Սա դարձավ պատճառներից մեկը, որ Ֆորդը պարտություն կրեց 1976թ. նախագահական ընտրություններում։
Հասկանալի է, որ Ուոթերգեյթի սկանդալի ընթացքում ԱՄՆ կառավարության նկատմամբ հանրային վստահությունը շեշտակի անկում ապրեց։ Հարցումների տվյալներով, ամերիկյան առաջնորդների նկատմամբ հանրային վստահությունը Նիքսոնի հրաժարականից հետո այլևս նույն ցուցանիշը երբեք չի գրանցել։ Մինչև Ուոթերգեյթը անցկացված հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների կեսը վստահում էին իրենց ընտրած հանրային պաշտոնյաներին։ Սակայն նման բարձր արդյունք այլևս չի եղել։

Թրամփի իմպիչմենտի հեռանկարը

Նույնիսկ մինչև Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելը, շատ էր խոսվում նրան իմպիչմենտի ենթարկելու հեռանկարի մասին։ Դեռ վեց ամիս առաջ Դոնալդ Թրամփին ցանականում էին իմպիչմենտի ենթարկել կապված Ռոբերտ Մյուլերի հայտնի զեկույցի հետ։ Թրամփի քննադատները վստահ էին, որ նա գաղտնի համաձայնության էր եկել ռուսների հետ 2016թ․ ընտրություններին միջամտության հարցում և նույնիսկ այն արարքը, որ նա փորձում էր այդ հանգամանքը «կոծկել» համարում էին իմպիչմենտի գործընթացի համար կարևոր հիմք։ Թրամփի հակառակորդները կարծում էին, որ նրա քաղաքական կարիերայի վերջը կգա Մյուլերի զեկույցի հրապարակմամբ, սակայն ի վերջո զեկույցի արդյունքում իմպիչմենտի համար որևէ հիմք չարձանագրվեց։ Շաբաթներ շարունակ հակաթրամփականները Մյուլերի զեկույցի շուրջ փորձում էին իմպիչմենտի տրամադրություններ ձևավորել, սակայն այս փորձը տապալվեց։ Ի վերջո, իմպիչմենտի հնարավոր առիթ հանդիսացավ ԱՄՆ նախագահի 2019թ․ հուլիսի 25-ի հեռախոսազրույցը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Զրույցի բովանդակության մանրամասները հայտնի դարձան օգոստոսի 12-ին ազդարարի (whistleblower) փոխանցած տեղեկության հիման վրա, որտեղ մասնավորապես նշվում էր․ «․․․Ես ստացել եմ տեղեկություններ ԱՄՆ բազմաթիվ կառավարության պաշտոնյաներից, որ ԱՄՆ նախագահը չարաշահում է իր պաշտոնական լիազորությունները՝ դիմելով այլ պետության միջամտությանը ԱՄՆ 2020թ․ ընտրություններին։ Ի թիվս այլ հանգամանքների, այս միջամտությունը ներառում է օտար պետության նկատմամբ ճնշման կիրառում՝ հետաքննելու նախագահի հիմնական քաղաքական հակառակորդներից մեկին՝ նախկին փոխնախագահ և ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին և նրա որդուն։ Նախագահի անձնական իրավաբան Ռուդի Ջուլիանին կենտրոնական դերակատարություն ունի այս գործընթացում։ Արդարադատության քարտուղար Բարը նույնպես ներգրավված է»։
Ազդարարի տրամադրած տեղեկատվության հիման վրա Ներկայացուցիչների պալատի խոսնակ դեմոկրատ Նենսի Փելոսին 2019թ․ սեպտեմբերի 24-ին հայտարարեց Թրամփի նկատմաբ իմպիչմենտի գործընթացի սկսման մասին՝ հանձնարարելով պալատի 6 հանձնաժողովներին սկսել իմպիչմենտի պաշտոնական հետաքննությունը։ Ի պատասխան սրա, Դոնալդ Թրամփը գաղտնազերծեց նախագահ Զելենսկիի հետ ունեցած հեռախոսազրույցի սղագրությունը։ Այս հեռախոսազրույցում Թրամփը մասնավորապես նշում է․ «Շատ է խոսվում Բայդենի որդու մասին․․․որ Բայդենը դադարեցրել է դատաքննությունը և շատ մարդիկ ցանկանում են բացահայտել դա։ Այսպիսով, Արդարադատության նախարարի հետ ինչ էլ որ անեք, հիանալի կլինի։ Բայդենն այս ու այն կողմ պարծենում է, որ ինքը դադարեցրել է դատաքննությունը։ Ուստի, եթե կարողանաք ուսումնասիրեք այդ հարցը․․․ դա ուղղակի սարսափելի է ինձ համար»։ Եթե Թրամփը այս ձայնագրության հրապարակումը դիտարկում է՝ որպես իր անմեղության նշան, ապա դեմոկրատներն այն ներկայացնում են հակառակ լույսի ներքո՝ շեշտելով նրա լուրջ հանցանքը։
Ակնհայտ է, որ դեմոկրատները օգտագործելու են իրենց գերիշխող դիրքը Ներկայացուցիչների պալատում՝ փորձելով իմպիչմենտի ենթարկել իրենց կողմից անընդունելի նախագահին։ Սակայն պարզ է, որ առավելագույնը ինչին կարող են նրանք հասնել իմպիչմենտի բանաձևի ընդունումն է Ներկայացուցիչների պալատում։ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում իմպիչմենտի հաստատումը քիչ հավանական է, քանի որ, ինչպես արդեն նշվել է, դրա համար անհրաժեշտ է սենատորների ⅔-ի ձայները, իսկ Սենատում մեծամասնություն են կազմում հանրապետականները։ Այսինքն, եթե հանրապետական սենատորները դեմ դուրս չգան իրենց կուսակցին, ապա իմպիչմենտի հավանականությունը զրոյական է։
Ընդունված է կարծել, որ յուրաքանչյուր իմպիչմենտի գործընթաց պառակտում է ազգային միասնությունը։ Ամերիկացիներն այսօր քաղաքականապես առավել երկփեղկված և պառակտված են, քան Նիքսոնի հրաժարականի և Քլինթոնի իմպիչմենտից առաջ։ Բևեռներից յուրաքանչյուրը դեմոնիզացնում է մյուս կողմին։ Այս ամենից զատ, այն քաղաքացիները, ովքեր ծնվել են Ուոթերգեյթից հայտնի սկանդալից հետո, ավելի քիչ վստահություն ունեն իրենց կառավարության նկատմամբ, քան նրանք, ովքեր ծնվել են այդ սկանդալից առաջ։ Նույնը վերաբերելի է նաև այն ամերիկացիներին, ովքեր ծնվել են 1999 թվականից հետո։
Այսպիսով, հաշվի առնելով վերոշարադրյալ հանգամանքները, պետք է հասկանալ, թե որքանո՞վ է Թրամփի նկատմամաբ իմպիչմենտը սկսելու վերաբերյալ որոշումը արդարացված, մանավանդ երբ այն ամենայն հավանականությամբ տրամաբանական ավարտ չի ունենա։ Ավելին, Թրամփի վերընտրվելու շանսերը շարունակում են բավականին բարձր մնալ նույնիսկ այս սկանդալի արդյունքում։ Թեև դեմոկրատները, միգուցե այս քայլով փորձում են դիվիդենտներ ստանալ 2020 նախագահական ընտրությունների, ինչպես նաև Կոնգրեսի ընտրություններին ընդառաջ, բայց իմպիչմենտի գործընթացը կարող է հակառակ ազդեցություն ունենալ, այսինքն գործել հօգուտ Թրամփի, ինչի պարզ վկայությունն է Նենսի Փելոսիի հայտարարությունից հետո Թրամփի 2020թ․ քարոզարշավի համար 13 միլիոնի դոլարի հավաքումը, որից միայն $5 միլիոնը հավաքագրվել է առաջին 24 ժամվա ընթացքում՝ բոլոր 50 նահանգներից։ Միաժամանակ, այս պահի դրությամբ Թրամփի աջակցության վարկանիշը 42.1% է։ Ընդհանուր առմամբ, նախագահի պաշտոնում նրա ընտրվելուց հետո, նրա աջակցության ամենաբարձր վարկանիշը եղել է 45.5% ընտրություններից անմիջապես հետո:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել