ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի (ԲՏԽ) երևանյան նիստի արդյունքում արձանագրված մի քանի կարևոր փաստեր.

  • ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև կնքվեց ազատ առևտրի մասին համաձայնագիր: Տնտեսական համագործակցության մասին երկկողմ համաձայնագիր կնքվեց նաև Հայաստանի և Սինգապուրի միջև:
  • Հաստատվեց Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագրի՝ հոկտեմբերին ուժի մեջ մտնելու հանգամանքը:
  • Հաստատվեց ԵԱՏՄ-Իրանին տարածաշրջանային ծրագրերում փոխադարձ աջակցությունը:
  • Իրանի նախագահը հանդես եկավ Միացյալ Նահանգների գործողությունների կոշտ քննադատությամբ, և դա արվեց ԵԱՏՄ երկրների աջակցության ֆոնին Երևանում:
  • ԵԱՏՄ-ի ինտեգրացիոն պրոցեսներում տարիներ ի վեր Հայաստանի ակտիվության արդյունքում կարծես թե հաստատվեց ԵԱՏՄ-ում Հայաստանի այդ դերակատարությունը:
  • ԲՏԽ նիստում, ինչպես նաև ավելի վաղ մեկնարկած «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով համաժողովում բազմիցս շեշտադրվեց տարանցիկ հնարավորությունների, լոգիստիկ- տրանսպորտային ներուժի գործարկման կարևորությունը և դա՝ Հայաստանի միակ՝ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված պատմության ֆոնին:
  • Հաստատվեց եվրասիական միասնական գազի շուկայի ստեղծման ժամկետը՝ 2025թ.:
  • Որևէ նորություն չգրանցվեց Հայաստանին վաճառվող գազի գնի թանկացման մասով. ինչպես այդ հարցի պատասխանը չգիտեինք նիստից առաջ, այդպես էլ շարունակում ենք չիմանալ նիստից հետո: Եթե, իհարկե, հաշվի չառնենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հույսը, որ թանկացում չի լինի, չնայած չեն դադարում տարբեր աղբյուրներից հնչող պնդումները, որ կլինի, այն էլ՝ 30-40 տոկոսով (ի դեպ, թանկացման բոլոր հիմքերը կան, այդ թվում՝ արտաքին գործոններով պայմանավորված):

Դե իսկ նիստին, դրան նախորդող և հաջորդող հատվածներում տեղի ունեցած (հուսանք) տեխնիկական դիպվածները թողնենք մի կողմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել