Aravot.am-ը գրում է․

Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից մեկն է, 2016 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրություններում էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն էր, կարծիք հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ նկատելի է «տոտալ իշխելու մոլուցք»։

«Սա սկսվեց 2017 թվականի հոկտեմբերից, երբ նա ամբողջությամբ կուսակցությունը դրեց գրպանը՝ անհիմն լուծարելով Գյումրի տարածքային կազմակերպությունը, կուսակցությունից ինձ հեռացնել փորձելուց հետո։ Դրանից հետո իր գրպանում հայտնվեց գործադիրը՝ կառավարությունը, վարչապետին առընթեր մարմինները, մարզպետարանները՝ իրենց պետական կառավարչական հիմնարկ հանդիսացող աշխատակազմերով:

Նիկոլ Փաշինյանի երկրորդ քայլը օրենսդիրի նկատմամբ տոտալ իշխանության ձեռք բերումն էր։ Եթե կառավարության նկատմամբ իր տոտալ իշխանությունը ինչ-որ կերպ բացատրվում է, որովհետև կառավարության գլուխն ինքն է, կառավարության ղեկավարը նորմալ ժողովրդավարական երկրում չպիտի ունենա նման իշխանություն օրենսդիրի վրա: Հակառակը՝ օրենսդիրն է առաջնային մանդատով օժտված բարձրագույն քաղաքական մարմինը և օրենսդրին է վերապահված վերահսկողության իրականացումը կառավարության գործունեության նկատմամբ։

Սակայն ինքը օրենսդիրն իրենով անելուց հետո էլ կանգ չառավ, շարունակեց, ի՞նչ է փորձում հիմա անել․ տոտալ իշխանություն դատական համակարգի նկատմամբ, սա ընդհանրապես հրեշային վարքագիծ է, որը կարող է բերել մեծ կորուստների պետության համար։ Եվ հիմա ընդհանուր դատական իշխանության մեջ մնացել է միայն Սահմանադրական դատարանը, որը կռիվ է տալիս իր անկախության ու սահմանադրական լիազորությունների համար։

Ես Հրայր Թովմասյանի գործունեության երկրպագուն չեմ եղել, սակայն եթե նրան համեմատենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, որը 1,5 առաջ Նիկոլ Փաշինյանի կալանավորման սանկցիայով մտնում էր Ազգային Ժողով, իսկ իշխանափոխությունից հետո կտրուկ կրոն էր փոխում, Հրայր Թովմասյանը իր կրոնը չի փոխել։ Եվ եթե փորձենք համեմատել Արթուր Դավթյանին Հրայր Թովմասյանի հետ, ես միանշանակ ընտրում եմ Հրայր Թովմասյանի պեսի գործունեությունն այս պատմական ժամանակահատվածում: Շատ դժվար է ինձ համար պատկերացնել, որ Արթուր Դավթյանի նմանը կարող է հայտնվել ՍԴ նախագահի պաշտոնում»,-ասում է Արթուր Համբարձումյանը։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը դարձյալ կանգ չի առնում, նա փորձում է նաև տոտալ իշխանություն ունենալ Արցախի նկատմամբ:

«Փաշինյանը օգտագործում է Լեոնիդ Ազգալդյանի հայտնի՝ «Սա Հայաստան է և վերջ» միտքը, որը վերաբերում էր 90-ականների սկզբի Արցախին, երբ Արցախի մի մասը գտնվում էր ազերիների հսկողության տակ։ Եվ պարզ է, բնական է, թե ում էր այդ խոսքն ուղղված այն ժամանակ, ինքն իր խոսքում նույնպես ասում էր՝ ազգային, միջազգային այն գործիչներին, որոնք հակառակն են մտածում, ասում եմ՝ «Սա Հայաստանն է և վերջ»։ Եվ ահա 28 տարի անց ազատագրված Արցախի մայրաքաղաքի հրապարակում ՀՀ վարչապետը նորից կրկնում է Ազգալդյանի խոսքերը: Ի՞նչ է ասում հիմա Նիկոլ Փաշինյանը․ նա Ազգալդյանի խոսքերն է կրկնում, բայց ո՞ւմ է հիմա ուղղված այդ խոսքը․ Շահումյանի շրջանը և Մարտակերտի Հյուսիս-Արևելյան հատվածը գտնվում են ազերիների վերահսկողության տակ, և եթե ինքը պարզաբանի, որ իր խոսքը ուղղած է դրան, ես կհասկանամ, բայց ինքը դա նկատի չի ունեցել։ Այդ խոսքը վերծանվում, բացվում է այս կերպ՝ հարգելի Բակո Սահակյան, դու Պապիկյան Սուրենի ենթական ես և վերջ, Արցախի ռազմաքաղաքական վերնախավ, հանկարծ քաղաքական որոշումներ, քայլեր չանեք, որի դրական վիզան ես չեմ տվել և վերջ: Սա՛ է նշանակում այդ խոսքը և հետագայում Գյումրու՝ «Սև Բերդ» ամրոցում, երբ մեկը Բակո Սահակյանին դիմեց, որպես Արցախի մարզպետ, այս շղթայի տրամաբանական շարունակությունն է: Եվ սա մեծագույն սրբապղծություններից մեկն էր, որին գնաց վարչապետը իշխանության գալուց հետո:

Իսկ ինչու՞ է նա ուզում ամեն ինչի, ամեն ոլորտի, կառավարչական որոշումներ իրականացնելու իրավունքով օժտված ամեն պաշտոնյայի վրա ունենալ տոտալ իշխանություն, պատասխանը մեկն է՝ վախ։ Նա վախենում է: Միայն վախկոտ մարդը կարող է նման մոլուցքով տառապել։ Իմիջիայլոց, ինքն ամենավախկոտ մարդն է, ում հետ ես ընդհանրապես շփվել եմ իմ կյանքի ընթացքում»,- ասում է Արթուր Համբարձումյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ, ոստիկանապետի ու ԱԱԾ պետի պաշտոնները քաղաքական դարձնելն էլ արվում է վախից։

«Նա պետք է ունենա իրեն ենթարկվող ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ղեկավարներ, իրեն ավելի հեշտ կենթարկվի ասենք մի դուրսպրծուկ, որը համակարգից չէ, քան թե կադրային սպան։ Վանեցյանն, ըստ էության, ասում էր՝ ես 1,5 տարի քեզ ենթարկվել եմ, բայց դու ամենևին չես փոխվել, չես հասկացել պրիմիտիվ, տարրական ճշմարտություններ, աքսիոմաներ, և ես քեզ այլևս չեմ ուզում ենթարկվել, քո հովանու տակ աշխատելն իմ արժանապատվության հաշվին է։ Դա էր ասում Վանեցյանը։ Էլի պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանն առհասարակ շատ է վախենում է ճանապարհ անցած, դպրոց անցած, կարծիք ունեցող, սեփական կարծիքը պահելու ունակ, բանակում ծառայած տղերքից։

Ցավում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր նման ղեկավար ունի, սա նաև իմ անձնական քաղաքական ողբերգությունն է, որովհետև 6-7 տարի մենք իրար հետ քաղաքական ճանապարհ ենք անցել», -ասում է Արթուր Համբարձումյանը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել