Հիպոթեզ է, իհարկե, բայց, դատելով մամուլում առկա արտահոսքերից, վերջին աղմկահարույց պաշտոնանկությունները հետևանք են նրա, որ Նիկոլը պայթում է իր իսկ կողմից դրված ականների վրա:

Տեսեք, Վանեցյանը, ըստ լուրերի, գնացել է, որովհետև հրաժարվել է մտնել 37 թվի չինական տարբերակի համահեղինակի դերի մեջ, որի դեպքում պետք է գործեր կարեր նախկինների վրա: Սպայի պատի՞վը թույլ չի տվել, թե՞ այն փաստի գիտակցությունը, որ Նիկոլը անցողիկ է, իսկ պատասխանատվությունը՝ մնայուն` այլ քննարկման հարց է: Փաստացի, Նիկոլի դրած առաջին ականը նախկիններին անխուսափելիորեն պատժելու իմպերատիվն ու դրան հաճույքով հավատացած հանրությունն է:

Երկրորդ ականը Ամուլսարն է: Ասում են` Օսիպյանը փորձել է խուսափել ուժային սցենարից, որովհետև հասկանում է, որ դրա դեպքում կարող են լինել տուժողներ էլ, զոհեր էլ: Փափուկ մարդ լինե՞լը թույլ չի տվել, թե՞ այն փաստի գիտակցումը, որ Նիկոլը գնալու է, իսկ արյունն իր վրա է մնալու` այլ քննարկման հարց է: Փաստացի, Նիկոլի դրած երկրորդ ականը Ամուլսարի անձեռմխելիությունն ու դրան հաճույքով հավատացած հանրությունն է:

Մնաց՝ հասկանանք, թե հաջորդներն ովքեր են, ու որ ականներն են պայթելու, որովհետև դրանք շատ են` Ռուսաստանի հետ հարաբերություններ, տնտեսություն, Ստամբուլյան կոնվենցիա և, իհարկե, Արցախ...

Հ.Գ. Շատ կարևոր է, որ Նիկոլը հիմիկվանից կասկած չունենա, որ պատասխան է տալու: Էլ ավելի կարևոր է, որ ինքը գրամ անգամ կասկած չունենա, որ մենակ ինքը չի պատասխան տալու (իր թիմն էլ, ընտանիքի որոշ անդամներ էլ), ու բացառվում է, որ, որպես սուրբ նահատակ, կարողանալու է պլստալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել