Լուսինեն Թովմասյանն օրեր առաջ է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ լույս աշխարհ է եկել նրա երկրորդ երեխան: 3,2 կգ քաշով և 51 սմ հասակով փոքրիկին ծնողները տվել են Ալեք անունը: «Շատ կարոտած ենք վերադարձել, և ուրախ եմ, որ որդիս օրհնությունն այստեղ ստացավ՝ իմ սիրելի եկեղեցում: Մի քիչ անսովոր է, երբ հարցնում են՝ երեխաներն ինչպե՞ս են, բայց նաև գիտակցում եմ, որ ժամանակս պետք է բաշխեմ երկու անձի վրա: Քիչ-քիչ սովորում ենք թե՛ ես, թե՛ ամուսինս»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշել է Լուսինեն: 

Որդու՝ Ալեքի լուսանկարները Լուսինեն արդեն իսկ հրապարակել է ինստագրամյան էջում. «Ես երբևիցե նման խնդիր չեմ ունեցել․ եթե նկարը չեմ ցանկացել հրապարակել, չեմ արել: Եթե ունես երեխայի նկարը և ցանկանում ես հրապարակել, ապա պետք է ցույց տաս դեմքը, հակառակ դեպքում պարզապես պետք չէ հրապարակել»:  

Ինչ վերաբերում է անվան ընտրությանը, Լուսինեն նշում է, որ գիտեին, որ, միանշանակ, Ա տառով է լինելու. «Մի քանի տարբերակ ունեինք՝ Առնո, Արսեն, Ալեքս, բայց հասկացա, որ այդ երեք անուններից ոչ մեկին ես չեմ հարմարվում։ Ալեքս անունը դուրս գալիս է, բայց Երևանում չափից շատ է: Որոշեցի, որ պետք է Ալեք լինի․ տարածված անուն չէ և շատ գեղեցիկ է: Ամուսնուս ասացի, նա էլ համաձայնեց»:

Եղբորը տեսնելուն հատկապես սպասում էր Լուսինեի դուստրը՝ Արիանան. «Նա առաջին օրվանից էլ գիտեր, որ եղբայր է ունենալու: Բողոքները միշտ նրա կողմից էին, որ հարազատ քույր-եղբայր չուներ, և այդպես որոշեցի երկրորդ երեխան ունենալ: Այդ ինը ամիսների ընթացքում երևի երեխան մտածում էր՝ մենք նրան խաբում ենք։ Նա արդեն չէր էլ հարցնում՝ երբ է ծնվելու: Քանի որ սպասված էր եղբորը, ոչ մի խանդի տեսարան, ոչ մի ագրեսիա կամ բացասական տրամադրվածություն նրա կողմից չենք զգացել»:

Լուսինեն նշում է, որ Արիանան շատ հոգատար է եղբոր նկատմամբ, երգում է, ասում է՝ ինչպես ճիշտ խնամել. «Շատ հազվադեպ եմ նկարում Արիանայի և եղբոր մասնակցությամբ տեսանյութեր, բայց եթե 24 ժամ նկարեմ, կզգաք նրանց փոխհարաբերությունները»:  

Այն հարցին՝ շտապո՞ւմ է աշխատանքի վերադառնալ, թե՞ ուզում է վայելել այս շրջանը. «Գիտեք, եթե աշխատանքը լիներ առավոտյան իննից յոթը, մոտակա մեկ տարին չէի վերադառնա աշխատանքի, բայց իմ աշխատանքը քիչ ժամանակ է ինձնից խլում, միգուցե շուտ վերադառնամ: Իսկապես կարոտել եմ նաև իմ աշխատանքը»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի      

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել