Նորաձևության և դիզայնի պալատը, որը ղեկավարում է Վահան Խաչատրյանը, այսօր հրավիրել էր Press Brunch՝ ներկայացնելու նոր ծրագրերը: Նորաձևության և դիզայնի պալատը հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է երկու տարի առաջ՝ Հայաստանում նորաձևության ոլորտի աջակցման համար:

«Մեր գործունեությանը հետևում են շատ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, որին մենք դիմեցինք նոր գրանտի համար: Ծրագիրը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի ժողովրդի կողմից, կոչվում է «Լավ կառավարում»: Այս ընթացքում մենք փորձելու ենք խոսել այս երկու տարվա մասին, որոնք անմիջական կապ ունեն նորաձևության հետ, բայց, այսպես ասած, կեղտոտ կողմի հետ․ թափոնների վերամշակման մասին է խոսքը»:

Վահանը նշում է, որ նորաձությունը շրջակա միջավայրն աղտոտող արտադրություններից մեկն է. «Եթե դրսում դրա մասին արդեն խոսում են, և մեծ բրենդները քայլեր են անում, հրաժարվում են, օրինակ, բնական մորթիների օգտագործումից, Հայաստանում այդ թեմայով ընդհանրապես չի խոսվում ո՛չ պետական, ո՛չ փոքր, մասնավոր բիզնեսների մակարդակով: Վերջին մեկ տարվա ընթացքում մենք հանդիպումներ ունեցանք մեծ արտադրողների հետ։ Ձևվածքից առաջացած կտորները հայտնվում են աղբում, ինչը, բնականաբար, վնաս է և ամեն դեպքում գումար է: Կարելի է բերել դրսի փորձը՝ վերամշակել այս թափոնները և ստանալ նոր բամբակի թել, որից էլ ստանալ նոր կտոր»:

Շարունակելով խոսել նորաձևությունը Հայաստանում զարգացնելու քայլերի մասին՝ Վահանը նշում է, որ դրսից մասնագետներ կգան՝ հայ դիզայներների որակավորումը բարձրացնելու համար: Առաջընթացին օգնում է նաև հայ դիզայներների մասնակցությունը տարբեր ցուցահանդեսների. «Արդեն երրորդ սեզոնն է, որ մեկնում ենք Միլան՝ ցուցահանդեսին ներկայանալու համար: Առաջին սեզոնին ներկայացված էր չորս հայ դիզայներ, երկրորդին՝ վեց։ Այս անգամ արդեն ինը դիզայներ է գալիս: Սա լավ միջոց է, որ գնորդները տեսնեն և ճանաչեն հայկական արտադրանքը: Մեր այս անգամվա այցը մասամբ ֆինանսավորվել է Եվրամիության կողմից, մյուս մասը՝ դիզայներների կողմից: Բացի գնորդներից՝ այնտեղ է գալիս նաև իտալական մամուլը, որտեղ անդրադառնում են նաև հայկական արտադրանքին: Մեր մասին արդեն գիտեն, և այլևս հարց չի ծագում, թե ովքեր են հայ դիզայներները»:

Ծրագրերից մեկն էլ Creative Hub-ն է, որը կլինի կենտրոն նորաձևության, ստեղծագործ արդյունաբերության ոլորտի բոլոր ներայացուցիչների համար. «Դա պետք է լինի մեծ շինություն՝ մի քանի հարկով, որտեղ բիզնեսի ներկայացուցիչները կարող են գալ, տարածքներ վարձակալել, ցուցահանդեսներ, Fashion Show-ներ անելու հնարավորություն ստանալ: Դրա համար պահանջվում է, որ պետությունը մեզ տրամադրի կիսափլված շենք: Շատ միջազգային կազմակերպություններ պատրաստ են մեզ բավականաչափ գումար տրամադրել, եթե պետությունը մեզ շենք տրամադրի, իսկ պետությունը նշում է, որ շենք չկա»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Aramio Pazzo-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել