Կառավարությունն այսօրվա նիստին ընդունեց «Բանկային գաղտնիքի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը ենթադրում է հարկ եղած դեպքում իրավապահ մարմինների համար ֆիզիկական կամ իրավաբանական անձի բանկային տվյալներին հասանելիություն: Ըստ էության, փլուզվում է «բանկային գաղտնիք» հասկացությունը, որովհետև ո՞վ և ո՞ւմ է հաշվետու լինելու, թե մեր իշխանության պատկերացրած «հարկ եղած դեպքերը» որոնք են:

Թե ինչ է լինում, երբ փլուզվում է «բանկային գաղտնիք» հասկացությունը, պարզից էլ պարզ է. երկրիդ կայուն զարգացող ոլորտներից մեկում առաջանում է տոտալ անվստահություն, բանկերը կորցնում են ի պահ տրվող ազատ դրամական միջոցների զգալի քանակ ներգրավելու հնարավորություն, եղածները դուրս են բերվում առկա հաշիվներից, նկատվում է կապիտալի արտահոսք, բանկերը դադարում են կատարել տնտեսության համար կենսական ֆունկցիա՝ ֆինանսկան կապիտալի հավաքագրում և բաշխում, բանկերը կանգնում են ֆինանսական կապիտալի պակասուրդի խնդրի առջև, հետևանքները զգում ենք յուրաքանչյուրս…

Օրենքի այս նախագիծը ոչ այլ ինչ է, քան բանկային համակարգի ազատության սահմանափակում: Չի բացառվում, որ նաև նախկինում արված հայտարարությունների լեգիտիմացում (հիշենք նախորդ տարվա օգոստոսին Հանրապետության հրապարակից հնչած «մոտակայքում գտնվող բանկերից մեկում պահվող 30 մլն դրամի մասին» հայտարարությունը):

Այն ուժգին հարված կհասցնի ոչ միայն տնտեսությանը, այլև մեր միջազգային վարկանիշին:

Հ.Գ. Ինչո՞ւ խոստացվածի նման հանրաքվեով չի որոշվում՝ համաձա՞յն է ժողովուրդը տարբեր օրենսդրական նախագծերով իշխանությունների «հագով կարվող կոստյումին», թե՞ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել