Azatutyun.am-ը գրում է․

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը այսօր ակնարկել է, թե Իրանը դանդաղ, բայց առաջ է շարժվում Ամերիկայի հետ նոր բանակցություններ սկսելու ուղղությամբ:

«Թվում է՝ Թեհրանը հասնում է այն կետին, որտեղ մենք կարող ենք խոսել», - ելույթ ունենալով Լոնդոնի վերլուծական կենտրոններից մեկում` ասել է Պենտագոնի ղեկավարը:

Ավելի ուշ, պատասխանելով լրագրողների հարցերին, Էսպերն ասել է, թե նման տպավորություն է ստացել Մեծ յոթնակի խորհրդաժողովում արված «որոշ հայտարարություններից», սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել:

Արևմտյան լրատվամիջոցների հաղորդել էին, որ «Մեծ յոթնյակի» հավաքում Ֆրանսիայի նախագահը Սպիտակ տան ղեկավարին առաջարկել է վերանայել իրանական նավթի վրա սահմանված պատժամիջոցները, եթե Թեհրանը վերստին հետևի միջուկային համաձայնագրի պայմաններին և բանակցություններ սկսի հրթիռային փորձարկումների ու տարածաշրջանային հարցերի շուրջ:

Խորհրդաժողովի ընթացքում անակնկալ, բայց կարճատև այցով Ֆրանսիա էր մեկնել նաև Իրանի արտգործնախարարը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ չէր բացառել, որ կարող է հանդիպել իրանցի գործընկերոջ հետ:

Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերություններն է՛լ ավելի սրվեցին անցած տարի, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր երկիրը դուրս բերեց Իրանի և վեց գերտերությունների միջև 2015-ին կնքված միջուկային համաձայնագրից և վերականգնեց պատժամիջոցներն այդ Իրանի նկատմամբ:

Թրամփի վարչակազմը պնդում է, թե Իրանը ոչ միայն չի հետևել այդ փաստաթղթի դրույթներին, այլև կուլիսներում հովանավորել ու հրահրել է ահաբեկչության տարածումը Մերձավոր Արևելքում: Թեհրանը հերքում է այս մեղադրանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել