Azatutyun.am-ը գրում է․

Կառավարության այսօրվա որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 1 միլիարդ 665 միլիոն 675 հազար դրամ՝ այս տարվա սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձերը 10 տոկոս բարձրացնելու նպատակով: Գումարը կտրամադրվի 2019 թվականի պետբյուջեի հարկային եկամուտներից:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում էր հաջորդ տարվանից, սակայն հնարավոր է դարձել արդեն այս տարվա սեպտեմբերից: «Երկար տարիներ սա տեղի չէր ունեցել, և կրթական համակարգի համար այն լավ գործընթաց է` բարեփոխումների նկատմամբ համակարգն ընկալունակ դարձնելու առումով», - ասել է նախարարը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հարությունյանը հայտնել է, որ համակարգն արդյունավետ դարձնելու համար իրականացվում են նաև այլ գործընթացներ՝ ատեստավորման նոր համակարգի ներդրում, աշխատավարձի բարձրացում՝ արդյունքի հետ կապված: «Մենք պատրաստվում են սահմանել դպրոցների ֆինանսավորման բանաձև, որտեղ մեկ դրույքի համար նվազագույն շեմը կլինի 108 հազար դրամ: Հույս ունեմ, որ դա մենք կունենանք հունվարից: Այն մեզ թույլ կտա ավելի կանխատեսելի դարձնել համակարգը և չունենալ այն մեծ տարբերությունները, որոնք առկա են դպրոցների ֆինանսավորման հետ կապված: Այսինքն՝ ֆինանսավորման համակարգն ավելի արդար կլինի. բացի ըստ աշակերտի, հաշվի կառնվեն նաև դպրոցների այլ կարիքները՝ դասարանների թիվը, թերբեռնվածությունը և այլն», - նշել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք աշխատավարձի բարձրացումը նույն չափով համատարած է:

Արայիկ Հարությունյանը հաստատել է և հավելել, որ կեղծ են այն լուրերը, որոնց համաձայն՝ համատարած կրճատումներ են արվում աշխատավարձի բարձրացումն իրականացնելու համար: «Կրճատումները եղել են սովորական, ինչպիսին եղել են նախկինում, և հիմնականում կապված են եղել տարիքայինի հետ: <...> Այս գործընթացի հետ կապված որևէ կրճատում չկա», - նշել է նախարարը:

Վարչապետն ընդգծել է, որ գործընթացի խորքային նպատակներից մեկը դպրոցներում ուսուցիչների որակավորման և նրանց կողմից մատուցվող ծառայությունների պատշաճ որակ ապահովելն է. «Սա կարևորագույն խնդիր է, որովհետև պետք է համոզված լինենք, որ մեր դպրոցներում աշխատում են բավարար պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող ուսուցիչներ, իսկ այս խնդիրը լուծելու համար մենք աշխատավարձի բարձրացումն անընդհատ պետք է պահենք մեր ուշադրության կենտրոնում», - ասել է Փաշինյանը և հավելել․ - «Իհարկե, այս աճը մենք չենք համարում, որ, ենթադրենք, հեղափոխական է, բայց մյուս կողմից, սա գործընթացի մեկնարկն է, որը կշարունակվի վստահաբար, եթե մենք կարողանանք մեխանիզմները ճիշտ կառուցել, որ որակի հետ ուղիղ առնչություն ունենան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել