«Ի սկզբանե պարզ էր, որ Ամուլսարի խնդրի լու­ծումը կախված է միայն մեկ մարդու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, և այդ որոշումը կլինի զուտ քաղաքական, փորձաքն­նություն, ՇՄԱԳ, «էլարդ», կառավարվող ռիսկեր և այլն՝ դրանք այդ որոշման, այսպես ասենք, «դիզայնն» են: Սկզբից վարչապետը հակված էր ասել «այո» հանքի շահագործմանը, բայց այժմ, զգալով հայաստանցիների ակտիվ բացասական վերաբերմունքը, հակվում է «ոչ»-ի կողմը: Այդպիսով, միանշանակ է, որ նույն քաղաքական որոշման հիման վրա Շրջակա միջավայրի նա­խարարությունը «Լիդիանից» պահանջելու է ևս մեկ փորձաքննություն, և հարցը հետաձգվելու է մի քանի ամսով: Էջը դրանով փակվելու է, կրքերը ժամանակավորապես հանդարտվելու են, հասարակությունը դարձյալ կկենտրոնանա նախկիններին պատժելու «հավերժ» թեմայի վրա:

Ասեմ, որ ինքս այդպիսի բարձրության վրա, բնակավայրերին և հատկապես առողջարանին այդքան մոտիկ գտնվող բաց հանքի շահագործ­ման ջատագովը չեմ: (Իհարկե, «աղետի» և «հայ ժողովրդի կործանման» մասին կանխատե­սումները խիստ չափազանցված են, սակայն այդ հիստերիան լուրջ ազդեցություն է թողնում նաև մտածող մարդկանց վրա): 

Եթե կառավա­րությունը տարբերակ ունի «ցրելու» այդ խնդիրը, բնականաբար, պետք է այդպես էլ անի: Բայց մտավախությունս այն է, որ կառավարությունը հաշվում է ոչ թե ընդունվելիք որոշման «պլյուսների» և «մինուսների» հաշվեկշիռը՝ երկրի համար, այլ՝ իր սեփական վարկանիշի միավոր­ները, որոնք, բնականաբար, պակասելու են «ոչ ժողովրդահաճո» որոշում կայացնելու դեպքում: Եվ ինչո՞ւ միայն կառավարությունը: 

Գրեթե ոչ մի կուսակցություն չուզեց «միավորներ կորց­նել» Ամուլսարի հարցում և հանդես գալ բանա­կան փաստարկներով, տուրք չտալ հիստերիա­յին ու պոպուլիզմին: Բացառություն էին «Հանրապետությունն» ու «Ժառանգությունը»: Գրեթե ոչ մի պատգամավոր չցանկացավ հաշվարկել հանքի շահագործման դրական և բացասական կողմերը: Բացառություն էին «տնտեսական բլո­կի» պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Արտակ Մանուկյանը, Հայկ Գևորգյանը ու ևս մի քանիսը: Չեմ ասում՝ նրանք ճիշտ են կամ սխալ: Ասածս այն է, որ ժողովրդավարության պայմաններում իշխանություններին «քլնգելու» համար խիզախություն պետք չի: 

Քաղաքացիա­կան արիություն է պահանջում ոչ պոպուլիստական բաներ ասելը և դրա համար թուքումուր ու­տելը: Հատկապես դա վերաբերում է մտավորա­կաններին:

Թող ինձ ներեն «ժողովրդական մարդիկ», բայց ինձ թվում է՝ մտավորականը պետք է մի քիչ «մեծամիտ» լինի»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել