Կրկին ունենք տնտեսական աճող ցուցանիշների ներկայացում վարչապետի կողմից:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ներկայացված ցուցանիշները հատ-առ-հատ ուսումնասիրության կարիք ունեն՝ պարզելու, թե օրինակ ծառայությունների կամ առևտրի շրջանառության աճն ապահովված է միավոր քանակի աճո՞վ, թե գնաճով: Մի կողմ թողնենք նաև այն հանգամանքը, որը հանրության մեծամասնությունը չի էլ կարող պատկերացնել, որ այդ թվերի պատճառահետևանքային կապն իրականության հետ կարող է իրենց համար այնքան էլ գոհացուցիչ չլինել, որքան զուտ թվերն են տոկոսային արտահայտությամբ: Ու ի դեպ, նրանք «Պողոսներ» չեն, պարզապես մարդիկ են, ովքեր պարտավոր չեն լինել տնտեսագետ:

Անտեսենք նույնիսկ այն հանգամանքը, որ վարչապետն անձամբ է սկսել զբաղվել բոլոր գերատեսչությունների տեղեկատվական ծառայությունների գործառույթներով. ճաշակի հարց է դուրեկան լինել-չլինելը:

Պարզապես մի հանգամանք աներկբա է. կոռեկտ չէ եղած վիճակագրությունից ծաղկաքաղ անել միայն դրական աճով ցուցանիշներն ու դրանք ներկայացնել՝ որպես «բավական լավ տեմպով» առաջ շարժվել: 
Դա առնվազն արդար չէ սեփական ընտրողի նկատմամբ:

Հ.Գ.
Մի բան մեկընդմիշտ պետք է ամրագրենք. ո՞ր ժամանակահատվածի հետ են համեմատություններ արվում: Եթե դա արվում է նախորդ տարվա երկրորդ եռամսյակի նկատմամբ, երբ ողջ երկրի տնտեսական կյանքը պարալիզացվել էր, բնական է, որ բոլոր ուղղություններով ապահովելու ենք անվանական աճ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել