Azatutyun.am-ը գրում է.

Կիևի վերաքննիչ դատարանի այսօրվա որոշմամբ կալանքից ազատ արձակվեց ռուսաստանցի լրագրող Կիրիլ Վիշինսկին: Նրա խափանման միջոցը փոխվել է՝ առաջին պահանջի դեպքում դատարան կամ քննիչին ներկայանալու պարտավորությամբ:

Կիրիլ Վիշինսկին ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալության ուկրաինական մասնաճյուղի ղեկավարն է: Նա ձերբակալվել է 2018-ի մայիսին: Ուկրաինայի իշխանությունները նրան մեղադրում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ հիբրիդային պատերազմին մասնակցելու համար: Առաջադրված մեղադրանքներով նրան մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Լրագրողը մեղադրանքը չի ընդունում, իսկ ձերբակալվելուց շաբաթներ անց հրաժարվել էր Ուկրաինայի քաղաքացիությունից: Նա նաև Ռուսաստանի քաղաքացիություն ունի:

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, թե Վիշինսկիին ազատ արձակելը լրագրողի նկատմամբ արդարությունը վերականգնելու առաջին քայլն է:

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հանձնակատար Հարլեմ Դեզիրը, ողջունելով Կիրիլ Վիշինսկիի ազատ արձակումը, հույս է հայտնել, որ Ռուսաստանը ևս ազատ կարձակի իր մոտ պահվող Ուկրաինայի քաղաքացիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել