Ապազգային մարտնչող տգիտությունը և հակահայկական տխմարությունն ունեն բազմաթիվ երանգներ։
Ոմանք ծաղրում են հայկական ավանդույթները` վերագրելով մեզ այնպիսի արարքներ, որոնք իսկական հայկական ավանդույթների հետ աղերս չունեն։

Ոմանք փորձում են սերմանել ժողովրդի մեջ կեղծ «հակամիլիտարիստական» գաղափարներ` փաստացի աշխատելով այն ուղղությամբ, որ մեզ դարձնեն սուտի «խաղաղասեր»` ներկայացնելով մեր` հանուն մեր ազատության և հայրենիքի պայքարելու վճռականությունը՝ որպես «ագրեսիվ և պրիմիտիվ» հասարակության վարքագիծ։

Ոմանք էլ արդեն տևական ժամանակ մանրակրկիտ զբաղված են Հայոց սուրբ եկեղեցու վարկաբեկմամբ։ Օրինակ` այսօր դրանցից մեկն արտահայտեց մի միտք, որի իմաստն այն է, թե Հայոց բանակին պետք չեն հոգևոր հայրեր, և հոգևորականների դերն իր համար անհասկանալի է։ Ես բնավ նպատակ չունեմ այսպիսի մտքեր արտահայտող անձնավորությանը վիրավորելու, բայց, կներեք, այսպիսի մտքեր արտահայտողը կա՛մ մտավոր անմեղսունակ է, կա՛մ բացահայտ թշնամի, կա՛մ երկու որակավորումները համատեղ։

Ես, իհարկե, սպասում էի, որ այս խառը իրավիճակում պետք է ակտիվանան զանազան ապազգային էլեմենտներ, բայց որ սրանք այնքան «կանջատվեն», որ բաց և անթաքույց ապազգային պրոպագանդա կսկսեն վարել, ես չէի սպասում (չնայած ինչո՞ւ եմ զարմանում, սրանք շուտվանից արդեն բացահայտ գործում են Հայաստանում)։

Մի խոսքով՝ ժողովուրդ ջան, իմացեք մի բան․ մենք շրջապատված ենք վայրենի թշնամիներով, և մեր միակ փրկությունն ազգային ինքնապաշտպանության գաղափարի շուրջ հիմնված խելացի տնտեսական և հետևողական միլիտարիստական քաղաքականությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել