Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունը ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը:

Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող հիմնական բացասական գործոններն են օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը:

Ջերմաստիճանի բարձրացումն անդրադառնում է նաև վարակիչ հիվանդությունների տարածման վրա:

Ամռան ամիսներին մեծանում է նաև սննդային թունավորումերի առաջացման և տարածման վտանգը` կապված արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, ձուկ-ձկնամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, մանկական սնունդ):

Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացա-սական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ԱՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս`

• խուսափել արևի ուղիղ ճառագայթների տակ մնալուց հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում,

• արևահարումը ևս պետք է կատարել թույլատրվող առավոտյան և երեկոյան ժամերին,

• հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ և/կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ,

• շոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից,

• ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,

• օգտագործել սովորականից շատ հեղուկ /մոտավորապես 3 լիտր օրական/ (Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո),

• չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,

• արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,

• սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով, պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում,

• ընտրել թարմ` ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,

• չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,

• չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, ըմպելիքներ և հյութեր,

• հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,

• սննդամթերքը պահել փակ տարողություններում և պատշաճ ջերմային պայմաններում,

• առանձնացնել հում սննդամթերքը եփածից, լավ եփել կամ տապակել սնունդը` 70 C0–ից ոչ պակաս,

• հաճախակի ընդունեք սառը ցնցուղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել