Armdaily.am-ը գրում է.

ԱԺ-ն արձակուրդ է մեկնելու շուտով։ Թե ինչ հասցրեց անել 7-րդ գումարման ԱԺ-ն իր երկու նստաշրջաններում կարելի է ներկայացնել թվերով, ինչը Ինեսսա Վարդանյանը գեղեցիկ ձևով արել է։

Այս ընթացքում ԱԺ-ն ընդունել է 143 օրենք, որոնցից 6-ը «մայր» օրենքներ են, 137-ը՝ փոփոխություններ և լրացումներ, իսկ 11-ը՝ օրենք-համաձայնագրեր: 80 օրենք ընդունվել է երկրորդ հերթական նստաշրջանի, իսկ 63-ը՝ արտահերթ նստաշրջանների ընթացքում:
Ընդունված օրենքներից 8-ի հեղինակը Ազգային ժողովի պատգամավորներն են, 4-ինը՝ խմբակցությունները, իսկ 131-ի հեղինակը՝ Կառավարությունը:
Նշված ժամանակահատվածում ԱԺ ընտրել կամ նշանակել է՝
- ԲԴԽ՝ 2 անդամ, 
- ՍԴ 1 դատավոր 
- ՀՀ ՏՄՊՊՀ 7 անդամ, 
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 5 անդամ:

Նույն ընթացքում լսել և ի գիտություն է ընդունել մի շարք տարեկան հաղորդումներ և զեկույցներ։
3-րդ նստաշրջանի օրակարգ կտեղափոխվի 1 ընթերցմամբ ընդունված 29 օրենքի նախագիծ: Դրանցից 28-ի հեղինակը Ազգային ժողովի պատգամավորները և խմբակցություններն են:

Շրջանառության մեջ է նստաշրջանի օրակարգ դեռևս չընդգրկված 124 օրենքի նախագիծ, որից 54-ի հեղինակը պատգամավորները և խմբակցություններն են:
Այս ամենը դեռ կքննարկվի կամ, որն ավելի հավանական է մոռացության կտրվի։ Փորձը ցույց է տալիս, որ թվային տվյալներից առավել հիշվող ու մնայուն են ԱԺ միջանցքներում ու նիստերի դահլիճում ծնված հումորներն ու չափազանցությունները։ Ընդհանրապես մենք չենք կարողանում հանդուրժել դիմացինի սայթաքելը, դա կարողանում ենք ուռճացնել գերանի մեծությունից էլ ավելի մեծ չափման միավորի ու ինչքան ուժ ունենք քննարկել ու վերապատմել։

Այդպես իր անզգուշության ու լեզվական սայթաքումների հետևանքով «չներվեց» պատգամավոր Լուսինե Բադալյանը։ Հիշում եք նրա փորձերը մամուլը լավի ու վատի բաժանելու վերաբերյալ, ինչպես նաև հիշում եք, որ այդ անհաջող ռեակցիան նրան դարձրեց ԱԺ «ալքիմիկ»; Նրա բազմաթիվ խմբագրած միևնույն ստատուսը պարզվում է դեռ չեն մոռացել անգամ յուրայինները։ Ասում են, որ առաջին օրերին համարձակ ինքնավստահ ու բարեհաճ Լուլուին կարծես զգուշացվել է առավել զուսպ ու շրջահայաց լինել։ Նրան արդեն դժվար է համարել հասանելի պատգամավոր, նա անգամ միջանցքներում ստվեր է փնտրում, որպեսզի սայթաքումներ չանի, որի հետևանքը բավական ծանր է զգացել իր մաշկին։ Մեզ պատմեցին, որ ԱԺ պատգամավորների մոտ՝ ինքնավստահությունը գնալով խամրող համարվում են Լուսինե Բադալյանը, Հայկ Սարգսյանն ու Լենա Նազարյանը։

Նրանց կոլեգաները ժողովրդի նման չեն կարողանում ներել այս երեքի սայթաքումները։ Լենա Նազարյանի «շնորհիվ» օրինակ Մանե Թանդիլյանին իրար մեջ շատերն են անվանում տիկին Մանդիլյան։ Մեզ հավատացնում են, որ ԱԺ նախագահի բացակայության դեպքում բավական դժվարությամբ է Նազարյանին հաջողվում հարթ ձևով նիստեր վարել։ Իսկ նիստեր վարելու համար ասում են առանձնապես հմտություն պետք է։ Նիստի ողջ օրակարգը սկսած «Բարև Ձեզ հարգելի գործընկերներ»-ից, ընդհուպ «քարտերը տեղադրում եք» տեխնիկական նախադասությունը ծամած-գրած է նիստը վարողի համար։ Սրանով զբաղվում է ԱԺ քարտուղարությունը ու այդքան մանրակրկիտ ու բառացի նիստի վարման հուշաթերթիկ չկա գործադիրում օրինակ։ Այստեղ էլ կատակելու լայն դաշտ է բացվում։

Պատմում են, որ հաճախ հիշատակի օրեր հարգելու մասին գրառումները, որ պետք է մեկ րոպե լռությամբ հարգվի մոռանում են ռեգլամենտով իրականացնել։ Կատակում են նաև, որ երևի այդ թղթում գրված է, «հիմա շունչ քաշել, նայել առջևի շարքին, աչքերը դանդաղ սահեցնել վերջին շարքով, ջուր խմել ու շարունակել»։

Այնքան շատ են այս հարցերը քննարկվում, որ իրականում նոր կուրյոզ դեպքերը չեն հասցնում վերածվել մեմի ու հավուր պատշաճի գնահատվել։ Այդպես օրինակ ստվերում մնաց Սևանա լիճն իջեցնելու, մաքրելու ու բարձրացնելու առաջարկը, ինչը այլ գումարման ԱԺ դեպքում ժողովրդական բանահյուսության աղբյուրագիտական անգնահատելի գոհար կդառնար։ Ինչևէ, պատգամավորները գնում են արձակուրդ, որպեսզի նոր լիցքերով վերադառնան ու անմոռանալի պահեր պարգևեն առաջինն իրենց գործընկերներին, հետո նոր մեզ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել