Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետ կապված հիմնական երկու իրադարձություններն ուղենիշային իմաստ են ստանում՝ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում համանախագահող երկրներից մեկի հետագա դիրքորոշումների ուրվագծման տեսանկյունից։

Առաջինը «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումն է, որը վերահաստատում է «Էնգել-Ռոյս նախաձեռնության» կարևորությունը՝ միտված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը։ Մասնավորապես` փաստաթուղթը նախատեսում է շփման գծից դիպուկահարների, ծանր զինտեխնիկայի և նոր զինատեսակների հետքաշում, ինչպես նաև հրաձգությունների տեղորոշման համակարգերի ներդրում և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնում։

Երկրորդ՝  հավանության է արժանացրել կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած առաջարկը, որով արգելվում է ամերիկյան պաշտպանական որոշակի տեխնիկայի տրամադրումը Բաքվին, որը կարող է ադրբեջանական կառավարության կողմից կիրառվել Ստեփանակերտի օդանավակայանում գործող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու համար:

Երկու բանաձեւերն էլ եղել են ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի նախագծերը, որոնք հաստատել է ԱՄՆ Ներկայացուցչիների պալատը։

Առաջին օրինագիծը, ըստ էության, այն առաջադրանքներն են, որ հայկական կողմն ապրիլյան պատերազմից հետո ամեն առիթով արծարծում էր, որոնք նաեւ պայմանավորվածության տեսք էին ստացել Վիեննայում, ապա` Սանկտ Պետերբուրգում։ Այն առաջադրանքները, որոնց շուրջ կայացած պայմանավորվածությունների իրականացումն արգելակում էր Բաքուն։ Իհարկե, այստեղ ուղղակի չի նշվում մշտադիտարկման եւ հետաքննության գործիքակազմերի տեղադրման պահանջը, այդուհանդերձ, շփման գծից դիպուկահարների եւ ծանր զինտեխնիկայի ու նոր զինատեսակների հետքաշումը,  հրաձգությունների տեղորոշման համակարգերի ներդրումն այդ մասին են հուշում. այդ բոլոր գործողությունների իրականացումն ու դրա համապատասխան գործիքակազմերի տեղադրումը օրինաչափորեն ներառվում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնված լիազորությունների շրջանակում։

Իսկ երկրորդ փաստաթղթում պարզ տեսքով ասվում է` Ստեփանակերտի օդանավակայանը պետք է գործարկվի, միաժամանակ զգուշացվում է Բաքվին` հեռու մնալու ինքնաթիռ խոցելու` արկածախնդրային որեւէ փորձից։

Մեծ է այս բոլորում ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի ներդրումը`  առաջադրանքները ճիշտ պահին ներկայացնելու եւ, մանավանդ, հայկական ու ամերիկյան կողմերի առաջադրանքային համընկումներ ձեռք բերելու առումով։

Միաժամանակ նկատենք, որ, ի տարբերություն մյուս երկու համանախագահող երկրների, ԱՄՆ օրենսդիր իշխանության կարեւորագույն հատվածը բանակցային գործընթացի ներկա հանգրվանին ուղենիշային բանաձեւեր է դնում քվեարկության։ Ամերիկացի համանախագահը պետական հետեւողականությամբ միջնորդական քննարկումների ընթացքում նկատի կունենա իր երկրի Ներկայացուցիչների պալատի բանաձեւերը։

Երկու բանաձեւերին ոչ միայն քարոզչական-քաղաքական հնչեղություն ապահովելն է անհրաժեշտ, այլև բանակցային գործընթացում դրանք առանցքային թեմա վերածելը։ Թիրախը, ուրեմն, Կոնգրեսի ներկայացրած օրինագիծն ու քվեարկված որոշումը մյուս երկու համանախագահող երկրների օրենսդրական դաշտ տեղափոխելն է։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել