Analitik.am-ը գրում է.

2018թ-ի հունվարի Հայաստանը ստորագրել է կանանց նկատմամբ բռնության կանխման և դրա դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիան: Կոնվենցիան ստորագրել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի մասնակցությամբ:

Հայաստանը դարձավ ԵԽ անդամ 45-րդ երկիրը, որը Կոնվենցիան ստորագրել է:

47 երկրներից փաստաթուղթը չեն ստորագրել Ադրբեջանն ու Ռուսաստանը:

Կոնվենցիայով նաեւ մոնիթորինգի հատուկ մեխանիզմ է սահմանվում («GREVIO») անդամ երկրների կողմից բոլոր դրույթների արդյունավետ իրականացման համար:

Այս տարվա մայիսին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերցումը Հայաստանի օրակարգում է, որից հետո հանրության շրջանում սկսվեցին իրարամերժ կարծիքների բախումներ, դժգոհությունների ալիք:

Ի վերջո, Ստամբուլյան կոնվենցիան պաշտպանում է կանանց շահերը, այն վավերացրած երկրների կառավարություններին պարտավորեցնում է կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել կանանց նկատմամբ բռնության բոլոր ձեւերի դեմ՝ հետապնդումից եւ սեռական ոտնձգությունից մինչեւ ընտանեկան բռնություն, ստիպողական ամուսնություն եւ կանացի սեռական օրգանների խեղումներ:

Ինչո՞ւ է նման «կնապաշտպան» կոնվենցիան փոթորկել հայ հանրությանը:

Analitik.am-ի հետ զրույցում փաստաբան Արտաշես Խալաթյանը նշեց, որ Կոնվենցիայի մի քանի կետեր ՀՀ Սահմանադրության հետ հակասություններ ունի: Մասնավորապես, ըստ նրա, 2 կետ վիճահարույց է՝ մեկը, որ զուգընկեր վիճահարույց ձևակերպումն է, որն այնպես է ձևակերպված, որ կարելի է հասկանալ նաև միասեռ կապը և համակեցությունը որպես ամուսնություն:

Նաև ամուսնություն է սահմանված մերձավոր ազգականների միջև, և մի կողմ թողնելով հայկական ազգային բարոյահոգեբանական նկարագրի հետ այս գաղափարի անհամատեղելիությունը, այս դրույթը ևս հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որտեղ սահմանված է, որ ամուսնությունը կնոջ և տղամարդու միություն է և հստակ սահմանված է՝ փոխադարձ համաձայնությամբ միություն է և հղում է անում ընտանեկան օրենսգրքին, որը կարգավորում է ամուսնության հետ կապված հարցերը, այդ թվում արգելում է ամուսնությունը մերձավոր ազգականների միջև և վերընթաց և վարընթաց գծով:

«Կոնվենցիայով զուգընկերոջ ներքո հասկացվում է ցանկացած միություն՝ անկախ նրանից այն գրանցված է, թե ոչ, և քաղաքացիական ամուսնությունը պաշտոնական ամուսնություն է դիտարկվում, իսկ ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ ընտանեկան օրենսգիրքը սահմանում են, որ պաշտոնական ամուսնությունը ենթակա է գրանցման ԶԱԳՍ-ի կողմից, իսկ Ստամբուլյան կոնվենցիան հավասարեցնում է քաղաքացիական և գրանցված ամուսնությունը»,- ասաց նա:

Բացի դրանից, ըստ փաստաբանի, Ստամբուլյան կոնվենցիայում օգտագործում է գենդեր եզրույթը, որն ընկալվում է ոչ թե կենսաբանական հատկանիշներ կրող անձ, այլ անձի սեռային պատկերացումները, նրա ընտրության հարցը:

«Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանը ստորագրել է, սակայն չի վավերացրել և գենդերի, զուգընկերոջ, քաղաքացիական ամուսնություն վիճահարույց ձևակերպումները լուրջ մտահոգություններ են առաջացնում»,- ասաց Արտաշես Խալաթյանը:

Փաստաբանը շեշտեց, որ նման ձևակերպումներով ոչ ավանդական կողմնորոշում ունեցող անձանց տրվում է իրավական կարգավիճակ, սակայն ՀՀ Սահմանադրությունն արժևորում է երկու սեռի՝ կնոջ և տղամարդու, սեռերի այն կենսաբանական մոտեցմանը, որն ի վերուստ է կանխորոշված՝ մինչև մարդու ծնվելը և սրա վերաբերյալ ՀՀ Սահմանադրությունը հղում է կատարում Ընտանեկան օերսնգրքին:

«ՀՀ Սահմանադրությունն իրաբավանորեն արժևորում է անձի կենսաբանական հատկանիշներին իսկ գենդերը եզրույթը հակասում է Սահմանադրությանը»,- շեշտեց փաստաբան Խալաթյանը:

Իսկ թե ինչ կլինի, եթե Հայաստանը չվավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, փաստաբանը նշեց, որ իրավաբանորեն ոչինչ, սակայն ստորագրումը մտնում է Հայաստանի միջազգային պարտավորությունների մեջ և վավերացնելու առումով ճնշումները չբացառեց:

«Չստորագրելը մեր սուվերեն իրավունքն է, սակայն չստորագելուց հարցը կտեղափոխվի համաշխարհային քաղաքականություն»,- շեշտեց նա:

Իսկ թե վերջին օրերին ֆեյսբուքը ողողած բռնությունների, բռնաբարությունների մասին բազմատեսակ տեղեկությունները, որոնք ազգի տղամարդկանց զգալի հատվածին՝ բռնարար, բռնաբարիչ, սեռական մոլագար են ներակայացնում, նշեց, որ չունի բավարար տեղեկատվություն դրա վերաբերյալ, և նման նյութերի իրականությունը գնահատեց 50-50:

Գոհար Ստեփանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել