ԱՄՆ 2020թ․ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածուներից ոմանք իրենց ներդրումն ունեն հայ-ամերիկյան հարաբերություններում։ Շուրջ երկու տասնյակ թեկնածուներից 3-ը հանդիսանում են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ՝ Թ. Գեբրդ (ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Հավայի), Ս. Մոուլթոն (ԱՄՆ Ներկայացուցիչներ պալատի անդամ, Մասսաչուսեթս), Է. Սուոլվել (ԱՄՆ Ներկայացուցիչներ պալատի անդամ, Կալիֆոռնիա): Ըստ հարցումների՝ այս երեք թեկնածուների վարկանիշը 1%-ից ցածր է, ամենաբարձրը Թ. Գեբրդինն է՝ 0.8%: 

Կարճ անդրադառնանք մի քանի թեկնածուների և դիտարկենք նրանց հայ-ամերիկյան հարաբերությունների շրջանակներում։

Ջ. Բայդեն (ԱՄՆ նախկին փոխնախագահ)

Թերևս ներկայումս ամենաբարձր վարկանիշ ունեցող այս թեկնածուի առաջադրման հարցը հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում ՀՀ նախագահ Ա. Սարգսյանի հետ հանդիպումից հետո։ Մինչ փոխնախագահի պաշտոն ստանձնելը սենատոր Ջ. Բայդենը երկար տարիներ եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման աջակիցը՝ դառնալով համապատասխան բանաձևերի համահեղինակ։ 2015թ. փոխնախագահ Ջ. Բայդենը ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հետ մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքին, սակայն Օբամա/Բայդեն վարչակազն այդպես էլ գործնական քայլեր չձեռնարկեց ցեղասպանության ճանաչման համար։

Բ. Սանդերս (ԱՄՆ Սենատի անդամ, Վերմոնտ)

Ամենաբարձր վարկանիշ ունեցող թեկնածուներից մեկը դեռ 1995թ․-ից աջակցել է որոշ հայամետ բանաձևերի, որոնց մեջ աչքի է ընկնում Փալոն-Ռադանովիչ լրամշակմանը (ուղղված 907-րդ բանաձևի պահպանմանը) կողմ քվեարկելը։ Բացի այդ՝ Սանդերսը աջակցել է 2019թ. 150-րդ բանաձևին՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Թ. Գեբրդ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ այս թեկնածուն միակն է, որ 2017թ․ այցելել է Արցախի Հանրապետություն, ինչպես նաև քննադատել Ադրբեջանի ապակայունացնող դերը տարածաշրջանում։ Վերջինս նաև Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվ ջատագով է․ 2019թ. դարձել է 296-րդ բանաձևի (ուղղված ՀՀ ցեղասպանության ճանաչմանը) աջակիցներից մեկը։

Է․ Ուորեն (ԱՄՆ Սենատի անդամ, Մասսաչուսեթս)

Բարձր վարկանիշ ունեցող այս թեկնածուն հայտնվել է 2018թ. Կոնգրեսի ընտրություններում Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելողների ցանկում, մասնավորապես 2018թ. Հայոց ցեղասպանությանը նվիրված 136-րդ բանաձևի հովանավորը դառնալով, իսկ 2019թ. իր աջակցությունն է հայտնել 150-րդ բանաձևին։

Ք. Հարրիս

Հունիսի 27-ի բանավեճից հետո իր դիրքերը զգալիորեն բարելաված միակ սևամորթ կին թեկնածուն Հայոց ցեղասպանության ճանաչման աջակից է։ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու տարիներին սատարել է ամերիկահայերի՝ Ցեղասպանության տարիներին և հետո չվճարված ապահովագրության վկայականների հարցում արդարությունը վերականգնելու մասին օրենքը։ 2019թ․-ին աջակցել է 150-րդ բանաձևին։

Է. Սուոլվել

Լինելով ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ՝ Սուոլվելն իր աջակցությունն է ցուցաբերել Ցեղասպանության կանխման 220-րդ բանաձևին, ինչպես նաև կողմ է քվեարկել 354-րդ բանաձևին (Էրդողանի թիկնազորի գործողությունները դատապարտող բանաձևը):

Թ. Ռայն (ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ, Օհայո)

Եթե 2015թ․-ին այս թեկնածուն Կոնգրեսում դիտարկումներ էր արել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ որակելով այն որպես Հարավային Կովկասի պատմության մեջ բռնության և ջարդի ամենասարսափելի դեպքերից մեկը, ապա արդեն իսկ 2018թ․-ին սկսել է իր աջակցությունը հայտնել հայամետ որոշ բանձևերի, մասնավորապես՝ Ցեղասպանության կանխման 220-րդ և 354-րդ բանաձևերին։ Բացի այդ՝ նա ստորագրել է 2017 և 2018թթ. ԱՄՆ նախագահին ուղղված նամակները՝ ցեղասպանության ճանաչման համար, իսկ 2019թ․-ին աջակցել է 296-րդ բանաձևին։

Image may contain: 24 people, people smiling

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել