Էս օրերին շատ մեր հայրենակիցներ Հայաստան են այցելում տարբեր թեմաներով: Նրանց թվում կան մարդիկ, որ հաջողակ մասնագետներ են ու հենց տնտեսական ու հարակից ոլորտներում և նաև լայնախոհ մարդիկ` մտավորականներ:

Նրանց հետ երբ խոսում ենք, իմ անհանգստությունները ավելի են սրվում, մասնավորապես հետևյալ մասով: Նրանք բոլորը, ինչպես և մենք ներսում, տեսնում ենք մեծ ռիսկեր օլիգարխիայի իշխանության գալու: Այդ ռիսկերը ավելի են սրվում, երբ դիտարկում ենք ներկա իշխանության դանդաղկոտությունը և խորքային ու արմատական բարեփոխումներ անելու դժկամությունը: Եվ ցանկացած անձ, որ կառավարման ու տնտեսական գիտելիքի մեծ պաշար ունի և լայնախոհ է, չի ժխտում Հայաստանում այս ռիսկի էական լինելը:

Այս պատկերը էլ ավելի է ցայտուն դառնում, երբ դիտարկում ենք հետսովետական նմանատիպ երկրների անցած ճանապարհը, մասնավորապես Վրաստան և Ուկրաինա: Այս երկու երկրներում էլ, հեղափոխությունից հետո օլիգարխիան եկավ իշխանության, քանի որ հեղափոխական ուժերը ապաշնորհ գտնվեցին չկարողացան կամ չցանկացան ժողովրդավարական հաստատություններ ձևավորել: Այս երկու երկներում էլ մի քանի անգամ տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, դեռ օլիգարխիան իշխում է:

Վերադառնալով Հայաստանին ասեմ, որ Աբովյանից հետո, այս ռիսկը էլ ավելի շոշափելի ու իրական է դարձել: Հետևաբար, կրկին պետք է ասեմ, որ ես հույսեր չեմ փայփայում թե ներկայի իշխանությունները կկարողանան կանխել օլիգարխիայի իշխանության գալը: Մի կողմից նրանք մեզ չեն լսում, մյուս կողմից էլ ռիսկերը չեն գիտակցում կամ թերագնահատում են:

Ուստի, կրկնում եմ, որ մենք նույնպես պատասխանատվություն ենք կրում, և չենք կարող ձեռքներս ծալած նստել ու միայն սթափության կոչեր անել: Եվ ուզում եմ ասել, որ այո մենք ձեռքներս ծալած չենք, մենք աշխատում ենք այս ուղղությամբ, և պետք է ամեն ինչ անենք որ հոռի շրջանից դուրս գանք, նույնիսկ եթե իշխանությունները չգիտակցելով ընդդիմանան, մենք պետք է համառենք և հանրությանը այլընտրանք առաջարկենք, այլապես նա առանց դիտավորության ընտրություն է կատարելու օլիգարխիայի ներկայացուցիչների օգտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել