Անի Խաչատրյանին չեմ ճանաչում, բայց նրա այսօրվա արարքը և հրապարակումն ուժեղ մարդու տպավորություն թողեց ինձ վրա, իսկ այն, որ տրանսպորտում երթևեկողները պիտի լռեն կամ հարձակվեն Անիի վրա, բնական է․ կան ներգործական և կրավորական սեռեր:

Հանրության մեծ զանգված իներտ է, նրանց չեն հետաքրքրում հանրային առաջընթացն ու այլ հարցեր, հետևաբար պետք չէ նեղանալ այն մարդուց, ով չի հասկանում, որ վիրավորելն ու հիմար արտահայտություններ անելը վատ բան է:

Ինչ վերաբերում է վարորդին, ապա մեր հանրության մեջ Ռուստամը միակ այդպիսին չէ: Նրանք մարդիկ են, որոնք գուցե շատ լավ աշխատող են կամ դրական կերպարներ, բայց չեն հասկանում, որ պատասխանատու են նաև ուրիշների համար: Այդպիսի վարորդները, ինչպես խանութների շատ աշխատողներ, մտածում են, որ այդ տարածքը իրենց սեփականությունն է, և իրենք ոչ թե ծառայություն են մատուցում, այլ այդ տարածքի իշխանիկ են:

Եթե Ռուստամն ստանա ամսական 1 մլն դրամ աշխատավարձ, վստահ եմ՝ էլի ծխելու է և հայհոյելու իր առաջ պահանջ դնող ուղևորին, իսկ եթե առողջապահության նախարարի հրահանգով գործընթաց սկսվի, իսկ քաղաքապետի հրահանգով էլ կարգապահական կոնկրետ քայլ արվի՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում կամ խոշոր տուգանք, Ռուստամը կամ նրա նման մյուս վարորդները հաջորդ անգամ կմտածեն մինչև ծխախոտ վառելը:

Հաջողության հասնելու քայլերը երբեմն ցավոտ են լինում, բայց եթե սկսել են, ապա պետք է սկզբունքային լինեն իշխանությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել