Վերջին մի շաբաթը Հայաստանում չէի: Գործի բերումով Ռումինիայում, ապա Գերմանիայում էի: Վերադարձա Երեւան, տաքսի պատվիրեցի ու օդանավակայանինց տուն ճանապարհին խոսակցության բռնվեցի տաքսու վարորդի հետ: Որ իմացավ՝ Գերմանիայից եմ եկել, սկսեց խոսել ԱՄՆ, Գերմանիա կամ Երեւանից դուրս մի տեղ իր միգրացիոն տրամադրությունների մասին:

Ասի՝ օրինակ՝ ինչի՞ ես ուզում ԱՄՆ կամ Գերմանիա մեկնել ապրելու: Պատասխանը չէր փոխվել, այսպես ասած՝ մինչհեղափոխական էր. «Դե կարգ ու կանոն կա, փող կա»: Ու հետո իր կարծիքը հավանաբար դրսից եկած մարդու միջոցով ամրապնդելու համար հարցրեց. «Տենց ա, չէ՞, Գերմանիայում ու ԱՄՆ-ում լավ ա, չէ՞»:

Ասի՝ լավ ա, բայց նայած, թե ինչն ենք համարում լավ: Եթե առողջապահության, կրթության ու ինֆրաստրուկտուրայի զարգացվածության մասին ենք խոսում, ապա լավն է, իհարկե, բայց դա իր գինն ունի: Տաքսու վարորդը, որ հավանաբար մոսկվաներից (թեպետ Մոսկվայում էլ հանրային տրանսպորտն էժան չէ) էն կողմ չէր եղել, հետաքրքրվեց գնով:

Գերմանիայում, կոնկրետ Դյուսելդորֆում, Քյոլնում, որտեղ, ի դեպ, մեծ հայկական համայնք կա, հանրային տրանսպորտի, տվյալ դեպքում՝ մետրոյի ուղեվարձն արժի 2,9 եվրո՝ շուրջ 1500-1600 դրամ: Ի դեպ, նույն տաքսու վարորդին մոտ երկու հազար դրամ վճարեցի օդանավակայանից Երեւանի կենտրոն հասնելու համար:

Վարորդի դեմքի արտահայտությունից զգացի, որ նրա պատկերացումները լավ, ապահով Եվրոպայի ու իր ապագայի մասին քանդում եմ: Շարունակեցի: Եթե Երեւանում մենք սկսենք տրանսպորտի համար վճարել 500-700 դրամ, իսկ մետրոյի համար, ասենք, 700-800 դրամ, ապա կունենանք հա՛մ բարեկարգ տրանսպորտ, հա՛մ էլ տարեցտարի շատացող մետրոյի նոր կայարաններ:

Ի դեպ, նույն Գերմանիայում 2,9 եվրոն հենց տեղացու համար բավականին մեծ գումար է՝ որպես ուղեվարձ, բայց նրանք վճարում են: Նաեւ ամսական տարիֆներ են վերցնում, որ մի փոքր էժան է գալիս: Բայց վճարում են՝ հասկանալով, որ այլ կերպ հնարավոր չէ ունենալ էն հանրային տրանսպորտը, որ իրենք ցանկանում են:

Իսկ մեզ մոտ յա մենք չենք ուզում մի հարյուր դրամ գոնե ավել վճարել, յա մեզ կիսատ-պռատ, ոչ համոզիչ են ներկայացնում տրանսպորտի ռեֆորմը, կամ ամեն տարի ասում են, որ էս տարի պատրաստ կլինի ռեֆորմն, ու կերակրում խոստումներով, ուստի խաբված լինելով ու մեծ հույսեր չունենալով՝ մենք ապրում ենք չգրված օրենքներով, այն է՝ մարշրուտնու վարորդը ծխում է, թեպետ պատուհանին գրած-կպցրած է՝ ծխելն արգելվում է օրենքով հանրային տրանսպորտում: Բնակչության մեծ մասն OK ա դրա հետ, իսկ երբ մեկն ընդվզում է, իրեն հանում, լարում են տրանսպորտից, մյուսներն էլ մտածում, թե ինչ ձեւականությունների հետեւից է ընկել, հլա մի էս վարորդի դրության մեջ էլ մտեք, ուստի վարորդը ծխում է, մենք նեղսրտում, բայց ձեն չենք հանում շատ անգամ, լարվում միմյանց դեմ, երկուսով ատում գծատերերին, նրանք՝ պետությանը կամ քաղաքապետարանին: Սենց էլ ապրում ենք հանրային տրանսպորտի կատարյալ կոլապսի պայմաններում:

Չեն լինելու մարդավայել, արժանապատիվ տրանսպորտ, աղբահանություն, բարեկարգ բակեր, շենքեր ու արդյունավետ համատիրություններ, քանի դեռ մենք չենք ցանկանում վճարել ու պահանջել դրա համար: Այլ ճանապարհ ուղղակի չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել