Aravot.am-ը գրում է.

«Հայաստանը պետք է միջազգային չափանիշներին համապատասխան քայլեր ձեռնարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- նշված է այսօր՝ հունիսի 2-ին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի բաժնի տարածած հաղորդագրության մեջ: Անդրադառնալով Հայաստանի ԱԳՆ-ի՝ հունիսի 1-ին տարածած հաղորդագրությանը՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչության տարածածի մեջ նշված է հետևյալը. «Հայաստանի ԱԳՆ-ի՝ շփման գծում գոյություն ունեցող իրավիճակի վերաբերյալ այսքան հուզական և միևնույն ժամանակ հակասական հայտարարության պատճառը հասկանալի է: Այն, ամենայն հավանականությամբ, համապատասխանում է երկրում ներքաղաքական իրավիճակի առումով Հայաստանի իշխանությունների արձագանքին»: Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ամրագրված էր. «Հայաստանը կտրականապես դատապարտում է իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը, ինչը դրսևորվել է սեփական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցեին ֆիզիկական բռնության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված ուղղակի կոչերով և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով, ինչն այսօր հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Սիփան Մելքոնյանի սպանությանը»: Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ Հայաստանին հիշեցվում է, որ համաձայնություն է տրվել ԱԳ նախարարների մակարդակով հաջորդ հանդիպմանը, այնուհետև նշեց. «Միևնույն ժամանակ իրականությունը շարունակում է մնալ նույնը, Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներից: Տարածաշրջանի հետագա զարգացման համար այլ տարբերակ չկա և կապ չունի, թե ով կղեկավարի Հայաստանը ապագայում»: 

Հաղորդագրության մեջ Հայաստանին կոչ է արվում ընդունել, որ մարդկային կորուստների, երկկողմ տարաձայնությունների միակ մեղավորը Հայաստանն է՝ իր վարած ագրեսիվ քաղաքականության և էթնիկ ադրբեջանցիների՝ ադրբեջանական կողմի ձևակերպմամբ օկուպացված տարածքներում զտման պատճառով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել