Այս շրջանում ՀՀ-ի նախկին երեք նախագահները և ներկայիս իշխանությունը Արցախի կարգավորման հարցում անուղղակի միմյանց մեղադրում են տարբեր ժամանակաշրջանում տարբեր ոչ հայանպաստ դրվագներ քննարկման առարկա դարձնելով:

Տարածաշրջանային այցով Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են ունեցել, այսպես ասած, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հետ։

Հայաստանում սա ընդունվեց սվիններով, որը ես համարում եմ պարզապես հարմար առիթ այսօրվա իշխանության ընդդիմադիր որոշ զանգվածի համար, որպեսզի սկսեն դավադիր հետքեր փնտրել այս իշխանության մեջ: Պետք է ասեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մշտապես հանդիպումներ է ունեցել վերոնշյալ «համայնքի» ներկայացուցիչների հետ, և սա առաջին դեպքը չէ: Նույնիսկ եղել է մի ժամանակաշրջան (1993-97 թթ․), երբ այս «համայնքը» ընդգրկված է եղել բանակցային գործընթացներում: 

Այս «համայնքի» պատմությունը գալիս է 1992 թ.-ի մարտի 24-ից, երբ Շուշին բնակեցված էր ադրբեջանցիներով, և քաղաքապետը ադրբեջանցի էր, ում էլ, որպես այլ ներկայացուցիչ, իսկ Արցախի փաստացի ղեկավարությանը՝ որպես ընտրված ղեկավարներ, Հելսինկիից հրավեր է ուղարկվում, որպեսզի մասնակցեն Մինսկում կայանալիք խորհրդաժողովին, որն այդպես էլ չկայացավ, ու հենց դրա «պատճառով» ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը: 

ՀՀ նախկին երեք նախագահների ղեկավարության տարիներին տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից հնչել են «օկուպացված տարածքներ», «վերադարձնել» և «հանձնել» տերմինները:

Անշուշտ, այս ամենը ներքին քաղաքականության մեջ օգտագործվում է միմյանց դեմ, բայց ես սա համարում եմ բնականոն բանակցային գործընթացներ, քանի որ տարբերակները հերթով դրվում են, այնուհետև ներկայացվում հանրությանը և ըստ հանրության արձագանքի էլ առաջ շարժվում:

Արցախի հարցի շահագործում ներքին քաղաքականության մեջ ոչ միայն Հայաստանում է, այսպես ասած, ընդունված, այլ նաև Ադրբեջանում: Պարզապես մի քիչ եթե տեղեկացված լինի հասարակությունը, ապա չի տրվի սադրիչ վերնագրերով քարոզչական նյութերի տրամադրությանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել