Արամ Սիմոնյանին իր զբաղեցրած պաշտոնում երբեք չեմ համարել լավագույնը, ու երբեք Արամ Սիմոնյանը չի եղել ինձ համար օրինակելի ռեկտոր։ Իհարկե, բուհի կառավարումը շատ բարդ գործընթաց է, ու հնարավոր չէ էդ գործընթացը կազմակերպել անթերի, բայց դա բացարձակապես չի նշանակում, որ Արամ Սիմոնյանի կառավարչական հմտությունները հիասքանչ էին, ու առկա թերություններն ընդամենը թույլատրելիի սահմանում են եղել։ Երբեք էլ արդյունավետ չեմ համարել ԵՊՀ կառավարումը, որովհետև ուսումնառությանս 4 տարիների ընթացքում բազմիցս առնչվել եմ տարրական (ու ոչ միայն) այնպիսի խնդիրների, որոնց լուծման համար անհրաժեշտ էր ընդամենը կամք ու մի քիչ ավելի բարձր արտադրողականություն, ինչի պոտենցյալը կար ու չի օգտագործվել։ ԵՊՀ-ի կուսակցականացվածության ու էդ համատեքստում մի ամբողջ փաթեթ խնդիրների մասին էլ չասեմ․ առաջին կուրսի առաջին օրվանից պայքարել եմ ամեն մանրուքի ու լուրջ խնդիրների լուծման համար։ Մի խոսքով՝ առնվազն վերջին տարիներին Արամ Սիմոնյանի ղեկավարած կառույցը չի փայլել իր պոտենցյալ հմայքով։

Արդա՞ր է արդյոք էս ամենի համար մեղադրել միայն Արամ Սիմոնյանին, թե ոչ՝ կարող եք որոշել ինքներդ։ Ինձ համար, համենայն դեպս, էս ամենը ո՛չ սկսվում, ո՛չ էլ վերջանում ա Արամ Սիմոնյանով։ Ինչ խոսք, որպես կառույցի ղեկավար ու վերջնական արդյունքի պատասխանատու կարող ենք մեղադրել Արամ Սիմոնյանին։ Բայց միայն այդքանը։ Կառավարման համակարգի մյուս օղակներին էլ՝ որպես սրա տրամաբանական շարունակություն, իհարկե, կարելի ա մեղադրել։ Բայց այնքանով, որքանով։ 

ԵՊՀ-ի խնդիրների գլխավոր պատասխանատուն ինձ համար եղել ու մնում են ԵՊՀ ուսանողները։ Բոլոր ժամանակներում էլ իշխանությունները փորձելու են, որպես գլխավոր երիտասարդական կենտրոն, բուհերը պահել հնարավորինս իրենց քաղաքական շահերին հարմար, ինչն էսօր էլ անգամ արվում ա ՔՊ-ի օրոք ու ՔՊ-ի համար։ Կրթության որակն էլ միշտ կախված ա լինելու ուսանողների ներկայացրած պահանջից։ Բերեք էս համատեքստում ցանկացած այլ կարևոր ուղղություն, ցույց կտամ, որ կախվածությունը նորից գալիս ա ուսանողներից, ուստի ապակուսակցական, լավ կառավարվող ու կրթության բարձր որակ ապահովող բուհ ունենալու համար առաջին պայմանն ու գործոնը ուսանողն ա։ Էսքան բան։

Ու խնդրում եմ բոլոր ուսանողներին, ովքեր էսօր ուրախանում, տխրում կամ անտարբեր են Արամ Սիմոնյանի հրաժարականի նկատմամբ, հարցրեք ինքներդ ձեզ՝ իսկ դուք ի՞նչ եք արել ձեր ուզած բուհն ունենալու համար։ Դրանից հետո միայն փորձեք արձագանքել Արամ Սիմոնյանի հրաժարականին, բայց հուսամ՝ շատ ավելի համապատասխան, քան նախքան էդ հարցին պատասխանելն ա։ Ու անպայման արձագանքելիս էլ հաշվի առեք Սիմոնյանի հրաժարականի խոսքերը. «Ես թույլ չեմ տա, որ 100-ամյակը ստվերվի, ոչ մի շնորհավորանք չեղավ 100-ամյակի կապակցությամբ, և այդ պատճառով ես հրաժարական եմ տալիս»։ Ո՞վ ա ավելի շատ սրա համար մեղավոր, էլի չեմ կարող ասել, որովհետև մի բան ակնհայտ ա․ վերջին մոտ 1 տավա ընթացքում ԵՊՀ-ում կատարվողը ուղղակի ապացուցեց, որ ներկայիս իշխանություններն իմպոտենտ են Արամ Սիմոնյանի դեմ, ու էն փնթի, անկազմակերպ, կիսատ-պռատ մեղադրանքն ու «բացահայտումներն» էլ ասածիս ապացույցն են։ Ոչ միայն ապացույց, այլ նաև հիմք Արամ Սիմոնյանի համար, անգամ բուհում եղած խայտառակ տապալումների մասով պատասխանատվություն չկրելու ու մի բան էլ իշխանությունների անկարողունակությունը ծաղրի ենթարկելու համար։

Եվ ուրեմն՝ շնորհակալ եղեք, հարգելի իշխանություններ ու իշխանամերձ ուսանողներ, էն, ինչին դուք ձեր փնթոշությամբ չհասաք մի տարվա ընթացքում, Արամ Սիմոնյանն արեց մի քայլով ու խիստ բարոյական հիմնավորմամբ։ Ու ո՞վ, ի՞նչ դիրքերում ա հայտնվում հիմա, դժվար չէ կռահելը։

Երկար ստացվեց, բայց նաև ուզում եմ ասել, որ, Արամ Սիմոնյանի հրաժարականից հրճվածներ ջան, հիշեք՝ դրանով հարց չլուծվեց, որովհետև դուք քանի չեք փոխել ձեզ, Արամ սՍմոնյանները կուգան ու կէրթան, ու հա կտան գլխներիդ, ամեն մեկն իր իշխանությունների հովանավորությամբ։
#փոխեք_ձեզ

Հ.Գ. Շնորհավո՛ր 100-ամյակը, պարոն Սիմոնյան։

Հարգանքով՝
Ձեզ չսիրող Արեգ Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել