Ուսումնասիրելով 2019թ.-ի հունվարից մինչև հիմա արցախա-ադրբեջանական և հայաստանա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը՝ կարող եմ արձանագրել, որ սահմանային և դիրքային միջադեպերը աճի դինամիկա են գրանցել: Հիմնվելով բացառապես ՀՀ և Արցախի պաշտոնական հաղորդագրությունների բազայի վրա՝ կարող եմ փաստել, որ հակառակորդի կողմից ոչ միայն հրաձգային զինատեսակով են խախտվել հրադարարի ռեժիմը, այլ նաև ականանետային, ինչպես նաև դիպուկահար հեռահար հրաձգային: 

Հրադադարի խախտման ռեժիմի թվի աճին զուգահեռ նաև ռազմատակտիկական փոփոխության է ենթարկվել իրավիճակը: Եթե նախկինում թիրախավորվում էին բացառապես առաջապահ դիրքերը և անկանոն կրակահերթերով, ապա այժմ թիրախավորվում են առաջապահ դիրքերի թիկունքային պահպանության կետերը, տրանսպորտը և կարևորագույն ճանապարհները:

Խիստ մտահոգիչ եմ համարում ադրբեջանական կողմի նման ռազմավարությունը, քանի որ մարտի 10-13-ից հետո՝ նախիջևանյան զորավարժություններից հետո, Ադրբեջանն անցկացրել է 25 փոքր և միջին զորավարժություն, զինավարժություն իր երկրի տարածքում և բոլորն էլ, առանց բացառության, անմիջապես արցախա-ադրբեջանական կամ հայաստանա-ադրբեջանական սահմանակից վայրերում: Այս տարածքների մեծ մասը նախկինում երբեք չի օգտագործվել որպես զորավարժարաններ: 

Ի դեպ, տեղին է նշել, որ այդ տարածքները համյանքապատկան հողեր են եղել, որոնք 2019թ.-ի հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանի համայնքներից անցել են պաշտպանության նախարարությանը: Պատահականություն չեմ համարում հենց սահմանին հարակից վայրերում երկու ամսում երկու տասնյակից ավելի զորավարժության անցկացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել