Այսօր «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից մեկը շատ տարօրինակ տեսանյութ էր հրապարակել, որտեղ անթաքույց և հուզված մեղադրում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին և, առհասարակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ հնչեցնելով տարատեսակ մեղադրանքներ։

Սկսեմ սկզբից: Որոշակի տեղեկության համաձայն՝ Քաղաքացու օրը նշելու ընթացքում Վայոց Ձորի մարզում տեղի է ունեցել իբր մի միջադեպ փոխմարզպետի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի միջև։ Սա՝ մեկ:

Երկրորդը` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը շատ հուզված պնդում էր, որ ԲՀԿ պատգամավոր Բագրատյանը հայհոյել է ինչ-որ փոխմարզպետի, և քիչ էր մնում՝ ծեծի ենթարկեր (այս պահին իմ աչքերը սկսեցին զարմանքից կլորանալ):

Առաջին հերթին կցանկանայի մի երկու պարզաբանում տալ այդ բացարձակ ապատեղեկատվության վերաբերյալ, որը, ցավոք, հնչեցվեց մեր գործընկերոջ կողմից, չգիտեմ՝ գիտակցաբար, թե ոչ, կամ գուցե անփորձության և ավելորդ էմոցիայի ազդեցության տակ։

Առաջին` ոչ ոք ոչ ոքի չի փորձել ծեծել։ Դա սուտ է և փաստացի զրպարտություն կամ փոխմարզպետի հիվանդագին երևակայությունն է, որով վերջինս փորձում է արդարացնել իր ոչ ադեկվատ և տարօրինակ պահվածքը։ 

Անձամբ ճանաչելով Սերգեյ Բագրատյանին՝ վստահ եմ, որ ոչ ոգելից խմիչքի ազդեցության տակ է եղել, ոչ էլ տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի և փոխմարզպետի կողմից նկարագրված միջադեպը (ավելի ճիշտ՝ ոչ այն սցենարով, որը հուզված ներկայացնում է մեր գործընկերը)։

Ինչևիցե, կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին դատել սթափ, հազար անգամ մտածել և մանրակրկիտ վերստուգել տեղեկությունները հրապարակելուց առաջ,  հատկապես երբ խոսքը վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (ի վերջո քաղաքական պատասխանատվություն գոյություն ունի)։

Ինչ վերաբերում է միջադեպին, ապա ես ուղղակի հորդորում եմ մեր գործընկերներին հետևություններ անել ստեղծված իրավիճակից և առաջին հերթին բացատրել իրենց թիմակից փոխմարզպետին, որ, այո՛, իրավիճակ է փոխվել, և պրիմիտիվ զրպարտությունով էլ հնարավոր չէ անուն ձեռք բերել։ Իսկ թե ինչի՞ համար և ի՞նչ նպատակով է այդ սադրանքը իրականացվել, հարկ եղած դեպքում անպայման կանդրադառնամ, շատ եմ ուզում կարծել, որ սա պարզապես թյուրիմացություն է։

Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները և ըստ այդմ՝ կանենք վերջնական եզրակացություններ։

ՀԳ. Տարօրինակ է, որ վերջերս շատ են մեզ փորձում ցուցումներ տալ մեր կոլեգաները։ Դա ոչ ցանկալի կասկածների տեղիք է տալիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել