«Հայրս մարդասպան չէր և ինձ պատմել է Մեհմեդ Թալեաթ փաշայի սպանության պատմությունը, երբ 10 տարեկան էի»,- բրիտանական The Independent պարբերականին հարցազրույցի ընթացքում ասել է Սողոմոն Թեհլերյանի որդին, որի անունն ու ազգանունը չի նշվում զրուցակցի խնդրանքով:

Բրիտանական պարբերականը նշում է, որ հայ հերոսի 86-ամյա որդին մանկուց ապրում է ԱՄՆ-ում, որտեղ 1940-ականներին Թեհլերյանը կնոջ ու երեխաների հետ հաստատվել է Հարավսլավիայից: Դեռ վաղ անցյալում նա ստիպված է եղել փոխել անունն ու ազգանունը՝ զգուշանալով թուրք ազգայնականների հնարավոր վրեժից:

«Հայրս չէր սիրում շատ խոսել, սակայն ավագ եղբորս հետ միասին մենք ստիպեցինք նրան պատմել, թե ինչ է տեղի ունեցել 1921 թ. Բեռլինում, և թե ինչպես է նա որոշել սպանել 1915 թ. Հայոց ցեղասպանության կազմակերպչին՝ Թալեաթ փաշային»,- կիսվել է հիշողություններով Թեհլերյանի կրտսեր որդին:

Ըստ պարբերականի՝ Սողոմոն Թեհլերյանը համեստ մարդ էր, բանաստեղծություններ էր գրում, ընթերցում էր, Հարավսլավիայում զբաղվում էր սուրճի բիզնեսով, այնուհետև տեղափոխվել է Ամերիկա և նոր կյանք է սկսել: 1950-ականներին սկսել է ելույթ ունենալ Բոստոնում, Նյու Յորքում, Քլիվլենդում կայացող հայկական համայնքների միջոցառումներին և պատմել է 20-րդ հարյուրամյակի սկզբի ոճրագործության մասին:

Սողոմոն Թեհլերյանի որդին նաև պատմել է, որ հոր կյանքից շատ փաստեր չափազանցված են և չեն համապատասխանում իրականությանը: Օրինակ՝ նա և իր եղբայրները 1915 թ. չեն եղել Արևմտյան Հայաստանում, այլ եղել են Սերբիայում: Ցեղասպանության ընթացքում սպանվել են Թեհլերյանի մայրն ու շատ այլ հարազատներ:

Թալեաթ փաշայի սպանությունից հետո 1921 թ. Բեռլինում Սողոմոն Թեհլերյանը ձերբակալվեց գերմանական իշխանությունների կողմից: Թեհլերյանի դատավարությունն ու նրա արդարացումն իրական սենսացիա դարձան: Նրա պաշտպանությամբ զբաղվում էին երեք փաստաբաններ, իսկ դատարանի քննության օբյեկտը ոչ միայն Թեհլերյանի գործողություններն էին, այլև Թալեաթի, ով հանդիսանում էր հայկական բնակչության զանգվածային դաժան սպանության կազմակերպիչ:

Դատաքննության ընթացքում հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, որոնք մանրամասներ են պատմել ոճրագործությունից: Այս դատավարությունը մեծ ազդեցություն ունեցավ լեհ իրավաբան Ռաֆաել Լեմկինի վրա, ով էլ ավելի ուշ առաջարկեց բնութագրման համար օգտագործել «ցեղասպանություն» բառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել