Ես գիտեմ, որ այն բանում, որ Հայոց ցեղասպանությունը հաջողվեց թուրքերին իրականացնել, կա նաև մեր մեղավորությունը, որքան էլ դա դաժան հնչի։ Այո՛, մեր մեղավորությունն է, քանզի այն, ինչ կատարվում էր այն ժամանակ, ցույց էր տալիս, որ մինչ Ցեղասպանությունը մենք արդեն իսկ մեր ձեռքերով ոչնչացնում էինք մեր ինքնապաշտպանության բնազդը, մեր ինքնապաշտպանության ունակությունը, երբ հայերը՝ կրթված, Եվրոպայում սովորած, գալիս էին և համոզում բոլորին, որ «թուրքն առաջվանը չէ, թուրքը փոխվել է, թուրքը կոստյում է հագնում, թուրքը մեզ նման է մտածում, մեզ նման է ընկալում»։ Եվ երբ մեզ ներքուստ զինաթափեցին, թուրքը խփեց։ Հիշեցնեմ՝ այնտեղ, որտեղ եղել է զինված դիմադրություն, կոտորած չի եղել։ 

Այսօր էլ տարատեսակ անհասկանալի կազմակերպություններ՝ անհասկանալի ֆինանսավորմամբ, և անհասկանալի մարդիկ սուտի խաղաղասիրական կոչերով և սուտի մարդասիրական դեմքերով անում են նույնը։ Մեզ կրկին փորձում են համոզել, որ «թուրքն առաջվանը չէ, թուրքը փոխվել է, պետք է ապրել համերաշխ»...

Միայն ապուշը կարող է վիճել այն բանի շուրջ, որ պետք է ապրել համերաշխ, և որ խաղաղությունն ամենից լավ է, սակայն միայն կատարյալ ապուշը կարող է հույսեր փայփայել, որ մենք թուրքի ու ադրբեջանցու հետ կարող ենք լիարժեք ապրել որպես բարի հարևաններ կամ բարեկամներ։
Չկա տենց բան։

Ես դեռ չեմ ուզում խորանալ ու խոսել պանթուրանական ծրագրի մասին, աշխարհաքաղաքական պրոցեսների մասին, ըստ որոնց՝ թուրքական քաղաքական տեսլականով մենք` հայերս, առհասարակ չպետք է գոյություն ունենանք։ Այնուամենայնիվ, ասեմ մի երկու բան։ Եթե կհանդիպեք մի հայի, ով կասի, որ Հայոց ցեղասպանությունն ընդամենը «երկու ազգերի միջև ցավալի դրվագ է», թքեք նրա երեսին։

Եթե կհանդիպեք մի հայի, ով կասի, որ Հայոց ցեղասպանությունը կամ ադրբեջանցիների կողմից կատարված կոտորածները հրահրված էին այլ ուժերի կողմից, թուրքերն ու ադրբեջանցիները կապ չունեին, իրենք բարի էին, ուղղակի էդ «խեղճերին» հրահրել են, թքեք նրա երեսին։

Եթե կհանդիպեք մարդկանց, ովքեր ձեռք առնելով կամ հեգնանքով են խոսում ռազմահայրենասիրական թեմայով, հայրենասիրության կամ հայրենիքը պաշտպանելու մասին, երկու անգամ թքեք դրանց երեսին։

Հիշեք մի բան․ այն պահից, երբ մենք մեզ խաբենք և սկսենք հավատալ սուտի հումանիզմին և սուտի մարդասիրության (ընդգծում եմ՝ սուտի)՝ կարծելով, թե «թուրքերը չէին կոտորել, դա պատմական այդպիսի մի ժամանակաշրջան էր, դե ոչինչ, անցավ, պետք է հիմա ապրել համերաշխ» և այլն, իմացեք՝ անմիջապես կրկին փորձ է արվելու մեզ կոտորելու։

Մեր անվտանգության միակ երաշխավորը մենք ենք և հարկ եղած դեպքում մեր կռվելու կամքը։
Հիշեք մի բան․ հիմա մեր գիտակցության վրա աշխատում են շատ ուժեղ և ծավալուն։ Ժողովրդական լեզվով ասած՝ հանկարծ «կուտը» չուտեք։

Իմ կողմից էլ ավելացնեմ, որ իմ այս գրառմամբ ես բնավ կոչ չեմ անում ատել ազգերին, ոչ մի դեպքում։ Սակայն ես կոչ եմ անում չմոռանալ, որ մեզ են ատում։

Որքան էլ մեզ փորձեն խաբել և սիրաշահել, փաստը մնում է փաստ, որ թուրք-ադրբեջանական պատմական աշխարհաքաղաքական քարտեզում մենք տեղ չունենք։ Դե, եթե մենք տեղ չունենք, հետևաբար մեր աշխարհաքաղաքական տեսլականում իրենք տեղ չունեն։
Վերջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել