Զարմանում ենք, թե 1915 թվականին 1.5 մլն հայ ինչպես կոտորվեց իր հավատքի համար: Զարմանում ենք, որ ոչ մեկ չփորձեց բռնել ցեղասպանի ձեռքերը: Սակայն ի՞նչ կա զարմանալու, երբ Ցեղասպանությունից 100 և ավելի տարի հետո նույն հավատքի համար աշխարհի մեկ այլ ծայրում սպանում են մեր քույրերին և եղբայրներին, իսկ մենք, ովքեր մեկ անգամ արդեն զգացել են հավատքի համար տառապելու ցավը, սկսում ենք համեմատականներ տանել, թե բա՝ Շրի Լանկայի դեպքերի փոխարեն այս մասին մտածեք, այն մասին մտածեք: Երբ այրվում է Աստվածամոր տաճարը, մենք իրար սաստում ենք, թե բա՝ մեր տաճարների մասին մտածեք, որոնք ավիրվել են:

Այո՛, 1915 թվականին, երբ մեզ կոտորում էին, աշխարհն իր անձնական դարդերով էր, իրենք էլ ժամանակ չունեին հայերին օգնելու կամ սատարելու: Փաստորեն, եթե Նախիջևանում թուրքը հայկական խաչքար կամ եկեղեցի է ավիրել, ու մենք չենք կարողացել դրա դեմն առնել, ապա կարիք չկա ընդհանրապես տխրելու Աստվածամոր տաճարի համար, կարիք չկա սգալու 200-ից ավել անմեղ զոհերի համար, որովհետև մենք լիքը խնդիրներ ունենք, ավելորդ ծանրաբեռնվածության կարիք չկա:

Ահա ձեզ պատասխանը, թե ինչպես 1.5 միլիոն հայ սպանվեց, որովհետև աշխարհը եսասեր է, որովհետև մարդիկ, սեփական մաշկի մասին մտածելով, կարողանում են աչք փակել աշխարհի մեկ այլ ծայրում իրականացող ահաբեկչության վրա: Դրա փոխարեն պարզապես պետք էր միասնական լինել ու կարելի էր փրկել թե՛ մեր խաչքարները, թե՛ աշխարհի տաճարները ու թե՛ միլիոնավոր անմեղ զոհերի կյանքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել