«Արարատցեմենտի» շուրջ իրադարձությունները բացեցին փակագծերն այն ամենի մասին, ինչ ասվում էր մի քանի ամիս շարունակ, ավելի հստակ` հանգեցրին մի պարզ մտքի`երկրի տնտեսական իրավիճակի «բուժումը» չի կարող իրականացվել, եթե տեղի արտադրողների շահերը չեն պաշտպանվում։

Հիմա նախաբանը. հիշենք, թե ինչ հարայ-հուրույով մամուլում տարածվեց տեղեկություն, իբր, տեսեք-տեսեք, ԱԺ-ի տնտեսական հանձնաժողով ներկայացվեց մի օրենքի նախագիծ, որով Իրանից ներմուծվող ցեմենտը կհարկվի այնպես, որ տեղի արտադրողները կլինեն պաշտպանված։ Իհարկե, դա միանգամից մատուցվեց որպես մի մե՜ծ «լավություն» հայկական ցեմենտ արտադրող ընկերություններին (մասնավորապես` Գագիկ Ծառուկյանին), բայց արի ու տես, որ, ըստ էության, բան չփոխվեց, քանզի ցեմենտի արտադրման համար գլխավոր բաղադրիչը՝ կլինկերը (մինչև եռակալումը թրծված հումքային խառնուրդ, օգտագործվում է ցեմենտի պատրաստման համար) շարունակելու է գալ Հայաստան ցածր գներով։

Բացատրեմ ավելի մատչելի․ կլինկերը հիմնական նյութն է, որն ուղղակի ազդում է ցեմենտի գնագոյացման վրա, և եթե կլինկերը դրսից գալիս է ցածր գնով, ապա տնտեսապես նպատակահարմար չէ այլևս լիարժեք ցիկլով արտադրել ցեմենտ, ինչն ուղղակի դարձնում է տեղի արտադրությունը ոչ ձեռնտու։

Ավելի ձեռնտու է բերել էժան կլինկեր և ցեմենտի արտադրության համար չծախսել ահռելի ռեսուրս։ Հասկանում եմ` ինչ եք ասելու և ինչ եք հակադարձելու, սակայն տնտեսական տրամաբանությունը ոչ ոք հեղափոխությունից հետո չի չեղարկել։ Հիմա հարց. եթե կլինկեր ներմուծելն անհամեմատ ավելի ձեռնտու է, քան արտադրելը, ապա բնական է, չէ՞, որ փակվելու են աշխատատեղեր, քանի որ պարզապես անհնար է մրցակցել շուկայում։ Վերջ։ Սա է տրամաբանությունը։ Մնացածը էժանագին մանիպուլյացիաների փորձ է մարդկանց նյարդերը բորբոքելու համար։ Եվ վերջում մի պարզ եզրակացություն․ տնտեսական հեղափոխության գաղափարը ենթադրում է այն, որ պետք է սատարել և խրախուսել տեղի արտադրողներին, որովհետև հենց տեղի արտադրողն է ստեղծում աշխատատեղ, այլ ոչ թե ներկրել դրսից՝ ըստ էության սպանելով աշխատատեղեր գեներացնող արտադրությունները։ Ասեմ ավելին՝ եթե տեղի արտադրանքը (օրինակ՝ ցեմենտը) դուրս մղվի շուկայից, ապա հետագայում ներմուծվող «էժան» արտադրանքն անպայման թանկանալու է, քանզի չի ունենա մրցակից, և հաշվի առնելով մեր տնտեսական շուկայի համեմատաբար փոքր ծավալը, դա տեղի կունենա շատ արագ։ Արդյունքում մենք կունենանք աշխատատեղերի կտրուկ նվազում, արտագաղթ և սոցիալական լարվածություն... Ես չեմ հասկանում, կա՞ որևէ մեկը, ով չհասկանա այս պարզ տրամաբանությունը։

ՀԳ. Իմիջիայլոց, շատ մեծ կասկածներ ունեմ, որ մարդիկ, որոնք սադրում են «Արարատցեմենտի» ժողովրդին, կարող են ուղղակի կապ ունենալ նրանց հետ, ովքեր տանում են ցեմենտ ներմուծողների լոբբինգը։ Պետք է անպայման պարզել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել