Analitik.am-ը գրում է.

Անձնական կյանքի իրավունքն արժանի է հարգանքի: Յուրաքանչյուրն ինքն է որոշում ինչպես վարի իր անձնական կյանքը: Այս իրավունքը պաշտպանված է հանրային, հասարակական, պետական միջամտությունից: Այս մասին Ազատության եթերում հայտարարել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով Ազգային ժողովում տրանսգենդերի ելույթի թեմայի մասին:

Զեյնալյանի խոսքերով, միևնույն ժամանակ հասարակությունը ևս պետք է պաշտպանված լինի անձի անձնական կյանքից. «Անձն իր անձնական կյանքը չպետք է ի ցույց դնի հասարակությանը: Հասարակությունը պետք է պաշտպանված լինի սրանից: Սա նաև արտահայտվելու ազատության հետ առնչություն ունի: Մի շարք իրավունքներ բացարձակ իրավունքներ չեն, որովհետև շատ հաճախ առնչվում են այլ իրավունքների հետ: Այս իրավունքներին պետության կողմից միջամտությունն իրավաչափ է: Կարող է պետությունը, հասարակությունը միջամտել այս իրավունքին: Արտահայտվելու իրավունքն, օրինակ, բացարձակ չէ և պաշտպանված չէ վուլգար խոսքը, ատելության խոսքը, ռասսայական խտրականություն քարոզող խոսքը: Պետությունը պետք է հասարակությանը պաշտպանի այսպիսի խոսքից»:

Հարցին, թե նշյալ ելույթում եղել են արդյո՞ք նման տարրեր, Զեյնալյանը նշել է, որ հասարակությունը շատ սուր է ընկալում դա. «Յուրաքանչյուրն ունի իր ինքնությունը, բայց մենք մեր ինքնությունը չենք դարձնում միակ շփման թեման: Մենք խոսում ենք ամեն ինչից, օրինակ՝ դատաիրավական բարեփոխումներից: Անկախ նրանից, թե ինչպիսի հայացքներ ունի մարդը, դա ընդհանրական խնդիր է»:

«Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ միջամտություն է տեղի ունեցել իրենց հանրային ընկալման և բարոյականության նկատմամբ: Մեր երկրում խտրականության ցանկացած ձև արգելված է, ատելության խոսքից պետք է պաշտպանված լինեն բոլորը: Սակայն, արտահայտվելու խոսքը չպետք է լինի բացառապես գրգռող: Չպետք է անձը, լրատվամիջոցը մշտապես հասարակությանը պահի ցնցման մեջ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ որևէ կողմ իրավունք չունի ատելության խոսք տարածելու, հաշվեհարդարի կոչեր անելու:

«Որևէ մեկն իր տարբերակված հատկանիշերի պատճառով չպետք է զրկվի իր հիմնական իրավունքներից և ազատություններից: Մարդը նաև չպետք է չարաշահի իր իրավունքն այլոց իրավունքներն առոչինչ դարձնելու համար: Փոքրամասնությունները պաշտպանված են, սակայն մեծամասնությունը չպետք է լինի փոքրամասնության գերին»,- նշեց Զեյնալյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել