Կասկած չկա, որ ժամանակակից պատերազմներում ահռելի նշանակություն ունի թշնամի երկրի բնակչության, պատկերավոր ասած, հոգում և ուղեղում հաղթանակի գրանցումը, ուստի այս համատեքստում շատ կարևոր է փաստացի պատերազմական պայմաններում հայաստանյան խոսույթ ներմուծել ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական հարթությունում մեր պատրաստության մակարդակի լրջագույն քննարկումը։

Բաքվի բռնապետական վարչակարգերի համեմատությամբ մշտապես ունենալով շատ ավելի ժողովրդավար կառավարման համակարգ և իշխանություններ՝ մենք, ցավոք, ոչ միայն չենք կարողացել կապիտալիզացնել մեր առավելությունն այս տիրույթում, բաց տեքստով ասած, մեթոդաբար միջամտելով թշնամական պետության ներքին գործերին, այլ ընդհակառակը՝ երբեմն նույնիսկ դուռ ենք բացել մեզ վրա թշնամական ազդեցության։

Այս առումով Հայաստանի վարչապետը, հաշվի առնելով մեր պետության ժողովրդավար բնույթը, ըստ իս, ոչ միայն կարող է, այլ պետք է ուղղակիորեն երկխոսի ադրբեջանական հասարակության հետ, սակայն Բաքվի բռնապետը որևէ պարագայում չունի հայաստանյան հասարակության կամ արցախահայության հետ նման ուղղակի երկխոսություն վարելու իրավունք չափազանց պարզ մի տրամաբանության հիման վրա․ նա ուղղակի շարքային ժառանգական բռնապետ է։

Ուստի, անկախ ամեն ինչից, կարծում եմ՝ առնվազն հայկական կողմից այլևս երբեք չպետք է արծարծվի նույնիսկ նման հնարավորության հավանականությունն իսկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել