Azatutyun.am-ը գրում է.

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Կոնվերս Բանկ» ընկերության բանկոմատներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքերի հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։

Մեկ մեղադրյալի՝ Ռուսաստանի 20-ամյա քաղաքացու մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող, «Կոնվերս բանկ» ընկերությանը պատկանող վճարային տերմինալից 2018թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, կանխիկացվել և հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքի առթիվ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2018թ. օգոստոսի 18-ին հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը շարունակվել է կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:

Ըստ հաղորդագրության, որոշում է կայացվել հիշյալ քրեական գործը միացնել միևնույն եղանակով կատարված հափշտակությունների վերաբերյալ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործին:

«Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ 2018թ. օգոստոսի 17-ից մինչև օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում նմանատիպ դեպքեր տեղի են ունեցել նաև Երևանում և Կոտայքում տեղադրված «Կոնվերս Բանկ»-ի՝ շուրջ մեկ տասնյակից ավելի բանկոմատներից: Ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են հափշտակության մի շարք հանգամանքներ՝ մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է ՌԴ քաղաքացի՝ ծնված 1998 թվականին», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն նշում է, որ քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 20-ամյա երիտասարդը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ «Կոնվերս Բանկ» ընկերությանը պատկանող բանկոմատներից հափշտակություններ կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով ինքնությունը չպարզված անձի հետ, վերջինիս կազմակերպմամբ, 2018թ. օգոստոսի 15-ին և 17-ին «Կոնվերս Բանկ»-ին պատկանող բանկոմատներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17 միլիոն 200 հազար դրամ գումար:

«Այսպես, ինքնությունը չպարզված անձը, տեղյակ լինելով, որ «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության համակարգչային համակարգում ներբեռնված ծրագրի գործարկման արդյունքում ընկերության կողմից սպասարկվող բանկոմատներից 2018թ. օգոստոսի 15-ին և 17-ին թղթադրամների ելքագրում է կատարվելու, նպատակադրվել է կազմակերպել և ղեկավարել «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությունը, ինչի մասին վերջինս հայտնել է 20-ամյա երիտասարդին և նախնական համաձայնություն ձեռք բերել: Դրանից հետո 20-ամյա երիտասարդը, հետևելով իրեն տրված ցուցումներին, 2018թ. օգոստոսի 15-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից հափշտակել է ՓԲ ընկերության համակարգչային համակարգում ներբեռնված ծրագրի գործարկման արդյունքում բանկոմատից ելքագրված ընդհանուր՝ 800 հազար դրամ գումար», - ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, ըստ կոմիտեի, կրկին նույն անձի ցուցումով, խմբի կազմում գործող մեկ այլ անձի հետ, 2018թ. օգոստոսի 17-ին, նույն եղանակով, «Կոնվերս Բանկ» ընկերության՝ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղակայված բանկոմատից հափշտակել է ելքագրված ընդհանուր 16 միլիոն 400 հազար դրամ գումար:

Գողոնի մի մասը հայտնաբերվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1998թ. ծնված ՌԴ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին [Առանձնապես խոշոր չափերով, հափշտակություն, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ] կետով: Նրա վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել