Ժամանակակից Իրանը ճիշտ ըմբռնելու համար պետք է այն դիտարկել ոչ միայն Իսլամական Հանրապետության հանրաճանաչ կաղապարի մեջ, այլ նաև դրան զուգահեռ և ոչ պակաս արդյունավետ աշխատող իրանական, ըստ էության, ազգայնական կամ կայսերական գաղափարական տիրույթում, համաձայն որի՝ Իրանի պատմական և մշակութային տևականությունն ու գերակայությունն անկասելի են նույնիսկ պատմական և մշակութային անկման փուլերում։

Այսինքն՝ համաձայն այդ գաղափարի՝ ենթադրվում է, որ Իրանը հազարամյակներ ի վեր տևական ու անընդհատ բնույթ ունեցող հասարակական, քաղաքական և մշակութային համակարգ է, որի նպատակը ոչ թե «շարքային պետության» կաղապարում գոյատևելն է , այլ առնվազն Մերձավոր Արևելքում բացառապես գերտերության կարգավիճակ ապահովելը, որի համար որպես հիմնավորում իրանցիները հաճախ դիմում են պատմությանը և մշակույթին։

Միայն այս համատեքստում կարելի է հասկանալ, թե ինչո՞ւ է, դիցուք, այս տարվա իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ Իրանի նախագահը շնորհավորում ոչ միայն իրանցիներին, այլ նաև այդքան մեծ թվով տարածաշրջանային պետությունների, որոնցից, օրինակ, Հայաստանում, մարտի 21-ը պաշտոնապես չի նշվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել