Մեկ ասի՝ քոմենթչիների ու իշխանական ֆեյքերի փառահեղ մեկնաբանությունների վրա ուշադրություններդ սևեռեմ, որոնցից բխում էր, օրինակ, այն, որ էդ միզող մարդուն դատապարտել պետք չէ, ու առհասարակ, BlogNews-ին տեղն է/BlogNews-ն է մեղավոր, հետո որոշեցի վերջին օրերին ստացածս կոնֆիդենցիալ ինֆորմացիայով կիսվեմ ու դրանով իսկ ժամանակավորապես ամփոփեմ Օպերայի քանդված սրճարանների թեման։

Լուր 1․ Կանաչ աղեղ չի լինելու, համենայն դեպս՝ մոտ ապագայում

Ուրեմն՝ հիշո՞ւմ եք Երևանի քաղաքապետարանի հրապարակած այն ազգային-ազատագրական-բնապահապանական-էրոտիկ էսքիզը, որտեղ Ազատության հրապարակի առաջին աղեղն ամբողջովին կանաչ է։ Ուրեմն՝ էդ էրոտիկ էսքիզն առնվազն առաջիկա ամիսներին այդպես էլ մնալու է էսքիզ, որովհետև աղեղում տեղակայված սրճարաններից միայն երեքն են ապամոնտաժվել, որոնցից երկուսը՝ բռնի։ Մյուս երկու սրճարանների հարցով քաղաքապետարանը դիմել է դատարան, քանի որ այդ սրճարաններն իրավական լրջագույն հիմնավորումներ ունեն քաղաքապետարանից մեծ կոմպենսացիաներ պահանջելու։ Հիմա, անգամ եթե դատական պրոցեսի արդյունքում քաղաքապետարանը հաղթի, դա տևելու է ամիսներ, եթե ոչ տարիներ, ուստի առաջիկա ամիսներին քաղաքապետարանը կա՛մ ծածկադմփոց է փորձելու անել՝ աղեղի հատվածական «կանաչապատմամբ», կամ էլ ոչինչ չի անելու, մինչև մյուս սրճարանների հարցը չլուծվի։

Լուր 2․ Սրճարաների ապամոնտաժման հիմքում քաղաքական վենդետայի մոտիվն է

Իմ աղբյուրի պնդմամբ՝ Օպերայի սրճարանների թնջուկը սկսվել է այն բանից հետո, երբ ՀՅԴ-ն իր համագումարում քննադատության էր արժանացրել Նիկոլ Ճաճանչափայլին։ Բանն այն է, որ ՀՅԴ-ի կուսակցական կապիտալն ապահովվում է այդ թվում Օպերայի աղեղի վրա գտնվող սրճարանների եկամտի հաշվին, ու Դուչեն, խիստ վրդովվելով քննադատությունից, դեկտեմբերին որոշել է կտրել ՀՅԴ-ի ֆինանսական հոսքերը, որքանով որ կկարողանա դա անել։ Հենց այս հանձնարարականն էլ իջեցվել է Հայկ Մարությանին, բայց տղերքը բախվել են իրավական խնդիրների, որոնք նկարագրեցի առաջին կետում, և իրավիճակի զավեշտն ու դրաման նրանում է, որ արդյունքում ապամոնտաժվել են այն սրճարանները, որոնք Նիկոլի վենդետայի թիրախում չէին, պարզապես երես փրկելու սցենարով տաք ձեռքի տակ էին ընկել։ Այսպիսով՝ ըստ իմ աղբյուրի պնդման՝ ունենք իրավիճակ, երբ դաշնակներին բշտելու գերխնդիր դրած մեր մանրախնդիր իշխանություններն առնվազն չեն կարողանալու կյանքի կոչել իրենց պուպուշ ու կանաչապատ կռուտիտը, կամ էլ դա մոտ ապագայում չի լինելու, իսկ արանքում տուժեցին թեմայի հետ կապ չունեցող, իսկ «Ատմոսֆերի» սեփականատերերի դեպքում՝ նույն Նիկոլին կրքով աջակցող մարդիկ, հասարակությունում ավելացավ լարվածության ևս մի կետ, իսկ կանաչ պուրակի փափագ ունեցողները դեռ երկար պետք է սպասեն իրենց երազանքի կյանքի կոչմանը։

Ինչևէ, ամեն ինչ արդար է, սուպեր արդար, ամենաարդար բանն է, որ երբևէ եղել է մեր ժողովրդի հետ։

Ադիոս։

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել